fbpx
Կառավարություն

Վահան Քերոբյանը ծանոթացել է Գյուղական ֆինանսավորման կառույցի գործունեությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 26-ին այցելել է Գյուղական ֆինանսավորման կառույց (ԳՖԿ)՝ վերջինիս գործունեությանը, ընթացիկ և նախատեսվող ծրագրերին ծանոթանալու նպատակով։

Կառույցի նպատակն է աջակցել գյուղատնտեսական գործունեության ակտիվացմանը գյուղական տարածքներում փոքր և միջին արտադրողների ու ձեռնարկատերերի համար համապատասխան ֆինանսական պրոդուկտները մատչելի դարձնելու միջոցով։

«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Աշոտ Վարդանյանի և ԳՖԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գրասենյակում, զրուցել աշխատակիցների հետ։

Այնուհետև նախարարին ներկայացվել են ԳՖԿ կողմից ՀՀ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը։ Նշվել է, որ ԳՖԿ-ն իրականացնում է ֆինանսական միջազգային ծրագրեր, որոնց նպատակն է երկարաժամկետ և նպատակային փոխառություններ տրամադրել ծրագրերին մասնակից փոքր և միջին տնտեսավարողներին՝ արտոնյալ մարման ժամանակացույցով և շուկայականից ցածր տոկոսադրույքներով: Փոխառությունները տնտեսավարողներին տրամադրվում են միջնորդավորված՝ ԳՖԿ-ի ծրագրերին մասնակից 20 ֆինանսական կառույցների՝ 8 առևտրային բանկերի և 12 վարկային կազմակերպությունների միջոցով։

Միջազգային ծրագրերի մասով ԳՖԿ-ի հիմնական գործընկերն է Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամը (IFAD)։ 2005-2020 թթ․ ընթացքում կառույցն իրականացրել և շարունակում է իրականացնել 7 միջազգային ծրագիր։

Նախարարին նաև տեղեկացվել է, որ 2005-2020թթ․ ընթացքում ԳՖԿ-ն ֆինանսավորել է շուրջ 11 000 շահառուների։

ԳՖԿ-ն մշակում է տարբեր վարկային պրոդուկտներ՝ կախված ծրագրի և շուկայի պահանջներից։ Վարկավորման հիմնական ուղղություններն են՝ անասնապահությունը, այգեգործությունը, ջերմոցային տնտեսությունը, տեխնիկայի և սարքավորումների լիզինգը, մշակաբույսերի զարգացումը, վերամշակումը, թռչնաբուծությունը, ձկնաբուծությունը, մեղվաբուծությունը և այլ ճյուղեր։

ԳՖԿ-ի ներկայացուցիչները համառոտ անդրադարձել են 2016 թվականին մեկնարկած «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրին», որի նպատակն է ծրագրի իրականացման տարածքում բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը՝ զբաղվածության և եկամուտների հնարավորություններ ստեղծելու միջոցով։

Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել են նաև 2021 թվականին նախատեսվող ԳՖԿ ծրագրերն ու առաջիկա նախաձեռնությունները, որոնց թվում է նաև պետական սուբսիդավորման ծրագրերով նախատեսված 9 ծրագրի ֆինանսական գործընթացների կառավարման կազմակերպումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ