Աշխարհ

Ֆրանսիայի կառավարությունը մերժեց նաև Ազգային ժողովի որոշումը Ղարաբաղի վերաբերյալ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հայտոնւմ է, որ Ֆրանսիայի կառավարությունը մերժել է նաև խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի ընդունած որոշումը Լեռնային Ղարաբաղի անկախությունը հրատապ ճանաչելու անհրաժեշտության մասին։ Բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձականների տեղակայման փաստերը։

Ավելի վաղ Ղարաբաղի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին նույնանման բանաձև էր ընդունվել նաև խորհրդանի վերին պալատում՝ Սենատում։ Երկու դեպքում էլ որոշումները պարտադիր ուժ չունեն, խորհրդատվական կերպով կառավարությանը կոչ է արվում ճանաչել Ղարաբաղի անկախությունը, երկու դեպքում էլ կառավարությունը մերժեց խորհրդարանի կոչերը։

Ազգային ժողովում որոշմանը կողմ են քվեարկել 188 պատգամավոր, դեմ՝ 3-ը, ձեռնապահ՝ 16-ը։ Նիստին մասնակցել է նաև արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը։ Նա իր ելույթում ասել է, թե չի պաշտպանում Ղարաբաղի անկախությունը ճանաչելու պահանջները, նշելով, որ դա չեն պահանջում նույնիսկ հայ բարեկամները։ Նախարարը նշել է, որ նման որոշումը հավասարազոր կլինի Ֆրանսիայի ինքնաբացարկին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից, որի շրջանակում Փարիզը, Մոսկվան ու Վաշինգտոնը մասնակցում են ղարաբաղյան խնդրի կարգավորմանը։ Դա կնշանակի հրաժարվել միջնորդի մեր դերից, ընդգծել է Լը Դրիանը։

Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներում ընդունված բանաձևերը առաջացրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դժգոհությունը։

Ադրբեջանի արտգործնախարարությունը այսօր հայտարարել է, թե Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը կանչվելու է նախարարություն, որտեղ նրան փոխանցվելու է վճռական բողոք Ֆրանսիայի խորհրդարանում ընդունված բանաձևի կապակցությամբ։ Դեսպանը Թվիթերի իր էջում գրել է․ – «Կարծում եմ՝ մինչ այսօր բոլորի համար պարզ է դարձել․ Ֆրանսիայի կառավարությունը ճանաչում է իր խորհրդարանի անկախությունը, բայց չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը»։

Տեսանյութը՝ Ազատություն ռադիոկայանի։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ