Այսօր Ֆրանսիայում սպասվում է «դեղին բաճկոնների» շարժման հերթական զանգվածային բողոքի ցույցը, որն այս անգամ նախատեսվում է անցկացնել Փարիզի արվարձան Վերսալում, գրում է TACC գործակալությունը:
Նշվում է, որ Վերսալի պալատը կշրջափակվի անվտանգության օղակով, բացի այդ, ժամանակավորապես կդադարեն գործել պալատին հարակից մի քանի շրջանների գնացքի կայարանները:
Սպասվում է, որ ցույցի մասնակիցները կանցնեն նաև մայրաքաղաքի Հաղթանակի կամարի, Օպերայի հրապարակի, Դեֆանս գործարար թաղամասի կենտրոնով:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը մտադիր է անվտանգության ապահովման միջոցառումներին ներգրավել ավելի քան 4000 ոստիկան ու ժանդարմ, որոնցից մոտ 1200-ը ծառայություն կիրականացնեն մայրաքաղաք Փարիզում:
Իշխանությունները ենթադրում են, որ ակցիային կմասնակցի «մի քանի հարյուր կամ հազար» ցուցարար: Բողոքի ակցիայի համար նախատեսված տարածք մուտք գործելուց առաջ «դեղին բաճկոնները» ստիպված կլինեն հատուկ ստուգում անցնել:
«Մենք չգիտենք ակցիայի մասնակիցների իրական նպատակները», – ասել է ոստիկանության ներկայացուցիչ Ժան Ժակ Բրոն:
Բողոքի ակցիաներ են նախատեսվում նաև մի շարք այլ քաղաքներում՝ Լիոնում, Բորդոյում, Լիլում և անգամ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ծննդավայր Ամյենում: