fbpx
Իրավական
19:00 23/10/2019

Գագիկ Խաչատրյանին ազատ արձակելու համար 230 մլն դրամ գրավ է առաջարկվում

Դատարանն անում է էն, ինչ ակնկալվում է իրենից. Գագիկ Խաչատրյանի փաստաբան

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանը իր պաշտպանյալի խափանման միջոցի հարցի քննությանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին։

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Երեմ Սարգսյանը։ Փաստաբանը մասնավորապես վկայակոչել է այն փաստարկը, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բոլոր միջնորդությունները քննում է նույն դատավորը։ Խոսքը վերաբերվում է Խաչատրյանին պատկանող առանձնատանը և այլ տարածքներում խուզարկություններ իրականացնելու թույլատրություն տալուն, նրան կալանավորելու, ինչպես նաև կալանքը երկարաձգելու միջնորդություններին։

«Ինչպե՞ս է ստացվում, որ նույն դատավորին է մակագրվում գործը։ Դատարանի այն պատճառաբանությունը, թե նա է հերթապահ դատավորը, հիմնավոր չէ, քանի որ այս նստավայրում հերթապահ դատավորները 5–ն են և այլ դատավորի կարող էր մակագրվել»,–ասաց նա։

Նշենք, որ դատարանն, այնուամենայնիվ, մերժել է պաշտպանի ինքնաբացարկի միջնորդությունը։

Հավելենք, որ Երեմ Սարգսյանը Գագիկ Խաչատրյանի նկատմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոց միջնորդել է թույլատրելի ճանաչել գրավի կիրառումը՝ որպես գրավի չափ առաջարկելով 230 մլն դրամը։

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է օգոստոսի 30-ին։ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը) նախատեսված հանցագործությունների կատարման՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։

Խաչատրյանին առաջադրված մեղադրանքն առնչվում է նրա Ֆինանսների նախարար և ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքներին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ