fbpx
Էկո

«Գեոմայնինգը» կրկին ցանկանում է բազմամետաղներ որոնել Վարդենիսի հանքերևակման տարածքում

«Գեոմայնինգ» ընկերությունը կրկին ցանկանում է բազմամետաղներ որոնել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի հանքերևակման տարածքում: Այս մասին հայտնում է Ecolur-ը: Ընկերությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել 2019-2021 թթ-ին երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նախնական գնահատման հայտը, որի 2-րդ հանրային լսումները նշանակված են ս.թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին Գեղարքունիքի մարզի Ծովինարի համայնքապետարանում և նույն օրը՝ ժամը 16:00-ին, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում: Այս մասին հայտնում է ecolur.am-ը:

Նշենք, որ «Գեոմայնինգ»-ը Վարդենիսի հանքերևակման տարածքում մետաղներ որոնելու հայտ ներկայացրել էր նաև 2015 և 2017 թթ-ին: Այս ընկերության հիմնական բաժնետերը «Դանդի Փրիշս Մեթալս» կանադական ընկերությունն է, որը նախկինում շահագործում էր Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը:

Վարդենիսի բազմամետաղների հանքերևակումը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում, Վարդենիս լեռնագագաթից հարավ, Գետիկվանք գյուղից հյուսիսարևելք, Վարդահովիտ հյուսիս-արևելք, Եղեգնաձոր քաղաքից 40կմ դեպի հյուսիս: Հանքերևակման տարածքը տեղակայված է 2430- 3250մ բացարձակ բարձրությունների վրա:

Ըստ հայտի՝ ընկերությունը նախատեսում է ոսկի, արծաթ, պղինձ, ցինկ, կապար և մոլիբդեն որոնել հանքերևակման մոտ 195 կմ2 (19 483.56 հա) տեղամասում՝ Վայոց ձորի մարզի Եղեգիս, Մալիշկա և Գեղարքունիքի մարզի Ծովինար, Արծվանիստ, Կարճաղբյուր համայնքների վարչական տարածքներում:

Նախատեսվում է հորատել 10-17 հորատանցք: Հորատանցքերի միջին խորությունը կկազմի կկազմի 300մ: Աշխատանքների արդյունքում կառանձնացվի հանքերևակման հեռանկարային տեղամասը՝ հետագայում մանրակրկիտ հետախուզում կատարելու և գնահատելու նպատակով:

Հայտում նշվում է, որ ընկերությունը 2012 թ-ից սկսած որոնողահետախուզական աշխատանքներ է տարել հանքերևակման տարածքում: Իրականացվել են երկրաբանա-հանույթային, երկրաքիմիական աշխատանքներ, նմուշառում և լաբորատոր ուսումնասիրություններ:

Արդյունքում առանձնացվել է տարբեր հանքայնացման տիպերով երեք՝ «Արծիվ», «Արջուկ» և «Հազբի» հեռանկարային տեղամասերը։ Նախկինում ներկայացրած հայտում ևս ընկերությունը նախատեսում էր հետազոտել նշված տեղամասերը:

Համաձայն հայտի՝ հայցվող տարածքի ցածրադիր հատվածներում հնարավոր է հանդիպել ՀՀ բույսերի Կարմիր գրքում 7 բուսատեսակ՝ Allium woronowii Miscz. ex Grossh, Eryngium wanaturii, Smyrniopsis armena Schischk, Centaurea phaeopappoides Bordz, Beta macrorhiza Stev, Gladiolus hajastanicus Gabrielian, Botrychium lunaria.

Նշվում է, որ հայցվող տարածքը կենսամիջավայր է հանդիսանում ՀՀ Կարմիր գրքում գրանցված Օձակեր արծվի, Տափաստանային արծվի, Գաճաճ արծվի, Գառնանգղի, Գիշանգղի, Քարարծվի և Բվեճի համար:

Ըստ հայտի՝ Վարդենիսի հանքերևակման համար հայցվող տարածքը անմիջական սահմաններ չունի ԲՀՊՏ-ների հետ: Տեղամասից 1.1 կմ հեռավորության վրա գտնվում է «Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրը, 4.8 կմ հեռավորության վրա՝ «Հերհերի նոսրանտառային» պետական արգելավայրը և 1.4 կմ հեռավորության «Եղեգիս» պետական արգելավայրը: Հատկացված տարածքի եզրից մինչև «Սևան ազգային պարկի» մոտակա հատվածը՝ ավելի քան 10 կմ է:

Հայտի հեղինակները նշում են, որ որոնողական աշխատանքների ընթացքում արտադրական նպատակով ջրային ռեսուրսներ չեն օգտագործվելու, ջրի արտահոսքեր չեն լինելու:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ