Գերմանիայում Արցախի ժողովրդի շահերի պաշտպանությանն ուղղված գործունեությունը թափանցիկ է. ԱՀ ԱԳՆ

Ամենադիտվածներ

Գերմանիայում Արցախի ժողովրդի շահերի պաշտպանությանն ուղղված գործունեությունը թափանցիկ է. ԱՀ ԱԳՆ

Մամուլում տեղեկատվություն էր հայտնվել, որ Գերմանիայի կառավարությունը փակել է arzach.de Արցախի կայքը, Արցախի ներկայացուցչի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։ Այս տեղեկատվությանը անդրադարձել է Արցախի ԱԳՆ-ն և մեկնաբանություն է տարածել:

«Արցախի ժողովրդի օրինական շահերը Գերմանիայում պաշտպանում է մի կազմակերպություն, որը գրանցվել և իր գործունությունն իրականացնում է նստավայր երկրի օրենսդրությանը լրիվ համապատասխանությամբ: Կազմակերպության նպատակների թվում հարկ է նշել Գերմանիայի հասարակության իրազեկումն Արցախի մասին, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հաստատումը: Գերմանիայում Արցախի ժողովրդի շահերի պաշտպանությանն ուղղված գործունեությունը թափանցիկ և օրինական բնույթ է կրում ու կլինի շարունակական:

Համոզված ենք, որ մարդու իրավունքների համընդհանրության և արդարության սկզբունքների վրա հիմնված միջազգային համագործակցությունը խաղաղության ու անվտանգության պահպանման, ժողովրդավարության և մարդու իրավունքների առաջմղման՝ ինչպես նաև աշխարհում և, մասնավորապես՝ Եվրոպայում տնտեսական բարգավաճման համար պայմաններ ստեղծելու կարևոր տարր է հանդիսանում:

Հետևողական ջանքեր կգործադրվեն Արցախի համագործակցության աշխարհագրության ընդլայնման և տարբեր պետություններում Արցախի ժողովրդի շահերի ներկայացմանն ուղղված գործունեության արդյունավետության հետագա բարձրացման համար՝ հաշվի առնելով նստավայր երկրի օրենսդրության առանձնահատկությունները»,-ասվում է մեկնաբանության մեջ:

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ