fbpx
Հասարակություն

Գլաձորի համայնքի բնակիչները հանքարդյունաբերությունը արգելելու ստորագրահավաք են կազմակերպել

Վայոց Ձորի մարզի Գլաձոր խոշորացված համայնքի բնակիչները ստորագրահավաք են իրականացրել և 2152 բնակչի ստորագրություն հավաքվել է: Նրանք ներկայացրել են հանրագիրը համայնքի ղեկավարին և ավագանուն: Բնակիչները պահանջում են մետաղական հանքարդյունաբերությունն արգելել և համայնքն էկո-տնտեսական տարածք դարձնել։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայկական բնապահպանական ճակատը»:

«2018թ․ խորհրդարանական ընտրություններին մասնակցել են համայնքի 2456 բնակիչ, ինչը վկայում է, որ հանրագրին միացել է համայնքում առկա բնակչության ճնշող մեծամասնությունը։

Որպես ուղիղ ժողովրդավարության դրսևորում՝ Գլաձոր համայնքի բնակիչները համայնքի ավագանուց և ղեկավարից խնդրում և պահանջում են․

1․ Ընդունել որոշում, որով կարգելվի և ապագայում կբացառվի Գլաձոր համայնքի վարչական տարածքում իրականացնել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքներ:

2․ Համայնքների անդամներին ներգրավելով՝ մշակել Գլաձորի ու Վայոց Ձորի մարզի էկոլոգիապես կենսակայուն և կանաչ տնտեսության զարգացման համալիր ծրագիր, որի իրականացման համար պատրաստ են աջակցել ՀՀ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին:

Գլաձոր համայնքը որպես շրջակա լեռներում մետաղական հանքարդյունաբերական գործունեության ազդակիր համայնք 2015թ․-ից ի վեր պայքարում է մաքուր բնական միջավայր ունենալու իրավունքի և սեփական տարածքում որոշումներ կայացնելու ինքնավարության համար»,- ասված է Բնապահպանական ճակատի տարածած հաղրդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ