Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ ամերիկյան Google և Facebook ընկերությունների բիզնես մոդելները սպառնալիք են մարդու իրավունքների համար։
Ըստ կազմակերպության հրապարակած զեկույցի՝ Google-ը և Facebook-ն օգնել են միավորել ամբողջ աշխարհը և կարևորագույն ծառայություններ են մատուցում միլիարդավոր օգտատերերի, բայց սպառնում են մարդու իրավունքներին:
«Ընկերությունների բիզնես մոդելը, որը հիմնված է օգտատերերի գործողությունների դիտարկման վրա, մարդկանց ստիպում է Ֆաուստյան գործարք (Faustian bargain) կնքել, ըստ որի՝ նրանք կարող են օգտվել իրենց իրավունքներից առցանց՝ ենթարկվելով մարդու իրավունքների խախտումների վրա հիմնված համակարգին»,-նշված է զեկույցում:
Կազմակերպությունն ընդգծում է, որ խոսքը, նախևառաջ, վերաբերում է անձնական տարածքի նկատմամբ աննախադեպ ոտնձգությանը, ինչպես նաև խոսքի ազատությանը, խտրականությանը և այլն:
«Google-ի և Facebook-ի օգտատերերի համար գաղտնիության աստիճանական ոչնչացումն ուղղակի արդյունք է այն բանի, որ ընկերությունները շուկայում գերիշխող դիրք են ձեռք բերել և վերահսկողություն են հաստատել համաշխարհային հանրային տարածքի նկատմամբ»,-նշում է կազմակերպությունը: