ԵՊՀ ուսանողները ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում էին

Դատական իշխանության և մասնագիտական նրբությունների գործնական կիրառության նկատմամբ հետաքրքրությունը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Լրագրություն մագիստրոսական ծրագրի դատաիրավական խմբի մի շարք ուսանողների, սեփական նախաձեռնությամբ, երեկ բերել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայր: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Ուսանողներին դատական նիստերի դահլիճում հյուրընկալեց դատավոր Երեմ Եսոյանը, ապա նրանց համար զրույց-դաս վարեց՝ ներկայացնելով դատարանում քաղաքացիական գործերի քննության կարգը, հայցադիմումների, դիմումների՝ դատարան մուտքագրման գործընթացի իրավակիրառ պրակտիկան, դատավարության փուլերում քաղաքացիական տարբեր հիմնահարցեր, դատավարության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, դատարանում ելույթների ներկայացման էթիկայի կանոնները:

Դատավորն իր խոսքում անդրադարձավ նաև գործերի մակագրման էլեկտրոնային եղանակին, ներկայացրեց այն կարգավորող իրավական ակտերը, Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան որոշումները:

Ուսանողները հետաքրքրվեցին օրենսդրական կոնկրետ նորմերի պրակտիկ կիրառման ընթացակարգերով, զրպարտության և վիրավորանքի հայցերի քանակով և դատական իշխանության բարեփոխումներով:

Դատավոր Երեմ Եսոյանն ուսանողների կողմից բարձրացված բոլոր հարցերին տվեց սպառիչ պատասխաններ և գործնական խորհուրդներ, դատական իշխանության առկա խնդիրների լուծման հարցում էլ կարևորեց էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման ուղղությամբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից ձեռնարկված գործուն քայլերը և առանձին գործերի այընտրանքային եղանակով քննության անհրաժեշտությունը, ինչն էապես կթեթևացնի դատարանների ծանրաբեռնվածությունը:

Ամենաթարմ