fbpx
Իրավական

Գորիսի համայնքապետարանի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել

Օգոստոսի 10-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Գորիսի համայնքապետարանի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին։

Կոմիտեն նշում է՝ քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատարը, օգտագործելով Գորիս համայնքապետարանի ենթակայության ներքո գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ վերահսկողական լիազորություններ ունենալու հանգամանքը, 2021-ի հունիսի 8-ին զանգահարել և պարտադրել է համայնքային ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենին՝ անձամբ և աշխատակիցների հետ մասնակցել 2021-ի հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ «Հայաստան» դաշինքի կողմից հունիսի 8-ին Գորիսում կազմակերպվելիք նախընտրական քարոզչությանը: Այնուհետև, նշված ուսումնական հաստատության տնօրենը և մի քանի աշխատակիցներ համայնքային իշխանության մարմինների կողմից ոչ բարեհաճ վերաբերմունքին չարժանանալու համար, հարկադրված մասնակցել են հիշյալ դաշինքի կողմից կազմակերպված հանրահավաքին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով [Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելը, որը կատարվել է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով]: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ