Հայաստանի պետական կառույցների կայքերի ուղղությամբ 2018-ի 11 ամիսների ընթացքում հաքերային հարձակման 3 միլիոն փորձ է կատարվել, ինչն աննախադեպ ցուցանիշ է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի պետ գնդապետ Արմեն Քինակցյանը:
«Խոսքը վերաբերում է պետական կառույցների կայքերի վրա հարձակումների փորձերին, որոնք գտնվում են ԱԱԾ-ի վերահսկողության տակ: Այդ հարձակումները որևէ նպատակի չեն հասել»,- ասաց Քինակցյանը:
Նրա խոսքով՝ մեծամասամբ հարձակման փորձ է կատարվել Ադրբեջանից և Թուրքիայից:
«Հարձակումները կարող են, օրինակ, Ադրբեջանից չլինել, սակայն նրանք կարող են այլ երկրներում հաքերային խմբեր վարձել»,- հավելեց նա:
Ըստ Քինակցյանի՝ հաքերային հարձակումներն այսօր հնարավորություն են տալիս ընդհուպ ֆիզիկական վնաս հասցնել մարդուն:
