ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության բնագավառում հայ-հնդկական համագործակցության հեռանկարները:
Առանձին անդրադարձ է կատարվել հունիս ամսին Հռոմում կայանալիք ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրենի ընտրություններին, որոնցում
առաջադրված թեկնածուների թվում է նաև Հնդկաստանի ներկայացուցիչը:
Գոհունակություն հայտնելով 2016 թվականին Երևանում կայացած գյուղատնտեսության բնագավառում համագործակցության հայ-հնդկական աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալ` դեսպան Յոգեշվար Սանգվանն առաջարկել է աշխատանքային խմբի հերթական հանդիպումն անց կացնել Հնդկաստանում: