Հաֆթարն ասաց՝ այո, հետո գնաց Մոսկվայից, փախավ։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստի ժամանակ՝ անդրադառնալով այն հարցին, որ Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը լքել է Մոսկվան՝ առանց հրադադարի համաձայնագիր կնքելու Ազգային համաձայնության կառավարության հետ: Այս մասին հաղորդում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
«Մենք Սիրիայում, Լիբիայում և Միջերկրական ծովում արկածներ չենք փնտրում: Մենք կայսերական նկրտումներ չունենք, և մեր աչքերը չեն կուրանում նավթի և փողի ագահությունից: Սակայն մենք չենք կարող անտարբեր լինել Լիբիայում ապրողների նկատմամբ»,-ասել է թուրք առաջնորդը:
Էրդողանը հիշեցրել է, որ Լիբիան ժամանակին եղել է Օսմանյան կայսրության կարևոր մաս, և Թուրքիան խորը պատմական և սոցիալական կապեր ունի Լիբիայի հետ:
«Այդ երկրում մենք եղբայրներ ունենք: Հաֆթարը ցանկանում է նրանց էլ վերացնել: Մեր պարտքն է պաշտպանել նրանց: Մենք հասկանում ենք մեր պատասխանատվությունը Լիբիայի մեր բոլոր եղբայրների առաջ: Երեկ Մոսկվայում Տրիպոլիի կառավարությունը կառուցողական մոտեցում ցուցաբերեց: Սակայն Հաֆթարը հրաժարվեց ստորագրել հրադադարի մասին համաձայնագիրը»,-նշել է Թուրքիայի նախագահը:
Ըստ Էրդողանի՝ Հաֆթարն իր քայլով ցույց տվեց իր իրական դեմքը, և իրենք զարմացած չեն տեղի ունեցածից։

