ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում է։
Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են հայաստանյան բարձր տեխնոլոգիաների ոլորտի 15-ից ավելի ընկերությունների ղեկավարներ։ Այցի նպատակն է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ընդլայնելու հայ-ամերիկյան համագործակցությունը, ինչպես նաև գործակցության նոր դաշտ ստեղծելու հնարավորություններն ու ուղիները քննարկել համաշխարհային ճանաչում ունեցող ամերիկյան տեղեկատվական ու աքսելերատոր ընկերությունների, մասնագիտական ուսումնական հաստատությունների և վենչուրային հիմնադրամների պատասխանատուների հետ։
Այցի շրջանակներում նախարար Հակոբ Արշակյանը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի ուղեկցությամբ այցելել է Սան Հոզեի պետական համալսարան, որտեղ հանդիպել է «IBM Research» ընկերության փոխնախագահ և գիտահետազոտական լաբորատորիաների տնօրեն Ջեֆ Ուելսերի հետ։
Ջեֆ Ուելսերը Հակոբ Արշակյանին է ներկայացրել «IBM Research» ընկերության կողմից արհեստական բանականության ոլորտում իրականացվող ծրագրերը, կատարած հետազոտությունները և զարգացման հեռանկարները։
Նախարարը «IBM Research» ընկերության փոխնախագահին տեղեկացրել է տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի վերջին զարգացումների, ոլորտի առաջընթացին ուղղված ՀՀ կառավարության առաջնահերթությունների, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին։
Հանդիպման ընթացքում ցուցադրվել է նաև բազմաբովանդակ կարճատև մի ֆիլմ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի անցյալի ու ներկայի, հայ մասնագետների ձեռբերումների, նվաճումների, ինչպես նաև ապագա ծրագրերի ու նպատակների մասին։
Այնուհետև ծավալվել է ակտիվ քննարկում, որտեղ շոշափվել են տեխնոլոգիական ոլորտում կրթության և հետազոտական աշխատանքներին, գիտահետազոտական լաբորատորիաների ամերիկյան փորձի ուսումնասիրմանը, Հայաստանում այն կիրառելու հնարավորություններին, երկկողմ գործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Սան Հոզեի պետական համալսարանում նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է նաև համալսարանի ֆակուլտետների դեկաների, մի շարք ամերիկյան ընկերությունների՝ «Plug&Play», «Logitech» ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում, որը կազմակերպել էր Սան Հոզեի պետական համալսարանի նախագահ Մերի Փափազյանը, նախարար Հակոբ Արշակյանը հանդես է եկել ելույթով։
Նախարարը ներկայացրել է Հայաստանի հարուստ գիտական ժառանգությունը, երկրի գրավչությունը գիտահետազոտական ոլորտներում, ընդգծել, որ ներկայում յուրահատուկ մի ժամանակ է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ կատարելու, ամերիկյան ընկերությունների կողմից Հայաստանում իրենց մասնաճյուղերը բացելու և ներկայությունը ապահովելու համար։
Ելույթներով հանդես են եկել նաև «Synopsys-Հայաստան» ընկերության նախագահ, ՀԲԸՄ Սիլիկոնային հովտի կառույցի ղեկավար Երվանդ Զորյանը և Սան Հոզեի պետական համալսարանի նախագահ Մերի Փափազյանը։
Նախարար Հակոբ Արշակյանը և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը այցելել են նաև Սիլիկոնյան հովտում գտնվող «Intel» ընկերություն, ծանոթացել ընկերության ստեղծման և զարգացման պատմությանը։
Նախարարի Կալիֆորնիա աշխատանքային այցի Սիլիկոնյան հովտի հանդիպումների կազմակերպմանը աջակցել է «Synopsys-Հայաստան» ընկերության նախագահ, ՀԲԸՄ Սիլիկոնային հովտի կառույցի ղեկավար Երվանդ Զորյանը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿՏՏՆ պաշտոնական կայքից։