Հակոբ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն։
Բաթում քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, ժամեր առաջ պայքարի մեջ մտան 89 կգ քաշային ծանրորդները: Հայաստանը ներկայացնող Հակոբ Մկրտչյանը 164 կգ արդյունքով պոկում ձևում 4-րդն էր:
Հրում վարժությունում Հակոբ Մկրտչյանը երկու մոտեցում կատարեց նախ բարձրացրեց 201 կգ, հետո 207 կգ հրումում դառնալով ոսկե մեդալակիր: Երկամարտի 371 կգ արդյունքով Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն։
«Երազանքս իրականացավ լիարժեք: Բայց սրանով չեմ սահմանափակվում: Դեռ առջեւում շատ մրցումներ կան, ամենակարևորն Օլիմպիական խաղերն են: Պետք է քաշս բարձրացնեմ 96 կգ: Այդ քաշում էլ պետք է հարմարվեմ, որպեսզի այդ քաշային կարգում էլ կարողանամ բոլորին հաղթել»,- ասել է նորընծա չեմպիոնը իրադարձությունից հետո։
Հիշեցնենք, որ մինչ այդ, Հայաստանը ներկայացնող մեկ այլ մարզիկ՝ Դավիթ Հովհաննիսյանը, 360 կգ արդյունքով արդեն Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել: