Հմայիչ, խնամված և հիասքանչ տեսք ունենալու համար կանայք ջանք չեն խնայում։ Կատարյալ լինելու ձգտումը կնոջ հոգածության առանձնահատուկ թեմա է եղել բոլոր ժամանակներում։ Ոլորտի մասին զրուցել ենք բժիշկ – կոսմետոլոգ Սոնա Բունիաթյանի հետ։

– Ինչպիսի՞ն է ժամանակակից կոսմետոլոգիան, ի՞նչ ծառայություններ է առաջարկում: Արդյո՞ք այն այսօր պահանջված է:
– Ժամանակակից կոսմետոլոգիան այս դարում թռիչքաձև վերելք է ապրում։ Ժամանակակից կոսմետոլոգիան իր մեջ ունի մի շարք և՛ ներարկումային, և՛ թերապևտիկ միջամտություններ, որոնք գոհացնում են նույնիսկ ամենաքմահաճ պացիենտին։
– Դուք ձեր աշխատանքով վերադարձնում եք մարդկանց երբեմնի կորցրած գեղեցկությունը, հավատը, ինչու չէ նաև ապրելու և կյանքը նորովի վայելելու ցանկությունը, շատերի դեմքին կրկին հայտնվում է ժպիտ, երջանկությանը բնորոշ յուրահատուկ փայլ, ի՞նչ եք զգում, երբ ձեր բուժայցելուն գոհ է և երջանիկ:
– Գեղեցկության չափանիշները տարբեր են յուրաքանչյուրի համար, մենք ոչ թե գեղեցկացնում, այլ ընդգծում ենք գեղեցկությունը։ Այստեղ կարևոր է չափի զգացողությունը և բնությանը դեմ չգնալը։
– Ըստ ձեզ, ո՞ր տարիքում է ճիշտ դիմել բժիշկ-կոսմետոլոգին կատարելու դիմային փոփոխություններ։
– Միջամտություններ կարելի է կատարել տասնութ տարին լրանալուն պես, եթե դրանք իրենցից ներկայացնում են կոսմետիկ ներարկումներ, իհարկե, կան բազմաթիվ մաշկային խնդիրներ, որոնց բուժումը կախված չէ տարիքից և շուտ սկսելը նույնիսկ պարտադիր է։
– Բացի բժշկական հմտություններից էլ ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի բժիշկ-կոսմետոլոգը։
– Առհասարակ բժշկի մասնագիտությունը, ըստ իս, ամենամարդասիրական մասնագիտությունն է։ Առաջին հերթին բժիշկը պետք է լինի հոգատար, իր գործին նվիրյալ, կարողանա դիմացինին բուժել ոչ միայն արտաքուստ, այլ նաև ներքուստ, չէ՞ որ մարդը ներդաշնակ է իր հետ, երբ հոգին ու մարմինը միևնույն ժամանակ առողջ են։
– Ի՞նչ է նշանակում զբաղվել սիրելի մասնագիտությամբ, արդյո՞ք այս դեպքում սերն առ մասնագիտական գործունեություն ավելին չէ, քան պարզապես աշխատանքը:
-Սերն առ մասնագիտություն ամենակարևորն է յուրաքանչյուր աշխատանքի մեջ, եթե սիրում ես գործդ, ապա վստահ եմ այն անում ես, ոչ միայն որպես աշխատանք, այլ որպես հաճույք, այն դառնում է քեզ համար ապրելակերպ, այլ ոչ միայն գումար վաստակելու միջոց։
– Արտասահմանում կա՞ն կոսմետոլոգիական նորամուծություններ, որոնք դեռևս Հայաստանում կիրառելի չեն։
– Արտերկրում կատարվող յուրաքանչյուր նորամուծություն վերապատրաստման դասընթացների շնորհիվ մենք նույնպես կիրառում ենք այստեղ, ուստի եթե կա նոր տեխնիկա կամ պրոցեդուրա, որ դեռ Հայաստանում չի իրականացվում, ապա դա միայն ժամանակի խնդիր է։
– Ո՞ր ներարկումներն են առավել պահանջված։
– Չեմ կարող առանձնացնել, քանի որ մարդիկ տարբեր են։ Տարբեր տարիքային խմբից և տարբեր խնդիրների կամ կոմպլեքսների համար են դիմում ներարկումային միջամտության, այդ իսկ պատճառով բոլոր ներարկումներն էլ պահանջված են տարբեր տարիքային անձանց շրջանակում։
Հեղինակ՝ Նորա Ղազարյան

