ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին հրավիրված խորհրդարանական լսումների ընթացքում քննարկվել է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշել է, որ փաթեթի վերաբերյալ պատգամավորներից և խմբակցություններից ստացվել են առաջարկներ, մի շարք քննարկումներ են եղել թե՛ առանձին շահառու խմբերի, թե՛ ՓՄՁ ներկայացուցիչների հետ, ինչը կլինի շարունակական: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ սա լավ առիթ է բոլոր կողմերի տեսակետները լսելու և մտքեր փոխանակելու համար:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրել է առաջարկվող փոփոխությունները՝ նշելով, որ մինչ նախագծի մշակումը որոշակի վերլուծություններ ու ուսումնասիրություններ են կատարվել՝ ախտորոշելու ներկա տնտեսական իրողություններն ու դրանց զարգացման առաջնահերթությունները և հնարավորությունները: Ըստ նրա՝ անհանգստացնող է եղել այն, որ արտահանմանը կողմնորոշված տնտեսական ճյուղերի շահութաբերությունն էականորեն զիջում է տնտեսությունում ներքին սպառմանը կողմնորոշված ոլորտների շահութաբերությանը: Նշվել է, որ արտահանվող աջակցության հիմնական ռեսուրսը պետք է լինի հարկերի գծով բեռի նվազեցումը, ինչն էլ առաջարկվում է նախագծով: Փոխնախարարի խոսքով՝ նախաձեռնությամբ նախատեսվում է շահութահարկի դրույքաչափը նվազեցնել 2 տոկոսային կետով և ներդնել եկամտային հարկի համահարթեցման դրույքաչափերի համակարգ՝ սկսելով 2020 թ. հունվարի 1-ից 23 դրույքաչափով, այնուհետև յուրաքանչյուր տարի նվազեցնելով մինչև մեկական տոկոս՝ հասցնելով մինչև 20 տոկոսի: Արման Պողոսյանը նշել է, որ փոփոխությունը միտված է ԱԱՀ շեմի վերականգնմանը նախկին 115 մլն դրամի մակարդակում: Նախագիծը նախատեսում է հետադարձ ուժով կիրառություն: Առաջարկվում է նաև հնգաստիճան հարկման համակարգից անցում կատարել եռաստիճանի՝ հրաժարվելով արտոնագրային հարկի համակարգից՝ որպես հարկման այլընտրանքային ուղղություն: Փոխնախարարը խոսել է ակցիզային հարկի հաստատուն դրույքաչափի և եկամտային հարկի համահարթ համակարգի ներդնումից:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ Կառավարությունը հանրության դատին է ներկայացրել ընթացիկ փոփոխություններ նախատեսող փաթեթ, որի տրամաբանությունն է՝ հարկման բեռի փոփոխությունը, սպառման ոլորտում հարկման բեռի ավելացումը՝ եկամուտների և կապիտալի հարկման բեռի նվազեցման պայմաններում: ՊԵԿ նախագահի խոսքով՝ այլընտրաքային համակարգերի կրճատումը հարկման արդարության սկզբունքի կայացման անկյունաքարն է: Դավիթ Անանյանը նշել է, որ հարկային օրենսդրության հեռանկարային կամ արմատական փոփոխությունների համատեքստում պետք է ձեռնպահ մնալ որեւէ այլընտրանքային համակարգ ունենալու գաղափարից՝ բացառությամբ ձեռնարկատիրության սուբյեկտի ներմուծումը:
Ելույթներում պատգամավորները և լսումների մասնակիցներն իրենց դիտարկումներն են ներկայացրել առաջարկվող փոփոխությունների, նախաձեռնության հիմնավորման, նախատեսվող հարկային վարչարարության և հարկային քաղաքականության վերաբերյալ: Նշվել է, որ հարկերի դրույքաչափերի կիրառման առաջարկվող մեղմ քաղաքականությունը կնվազեցնի բյուջեի եկամուտները: Կարեւորվել է ոլորտում մակրոտնտեսական կառավարման գործիքի կիրառումը, ինչը կնպաստի տնտեսության մեջ ռեսուրսների վերաբաշխմանը: Անդրադարձ է կատարվել տնտեսական արդյունավետության սոցիալական արդարությանը, պետտուրքի հաշվարկման մեխանիզմներին, եկամտային հարկի համահարթեցման համակարգին: Ընդհանուր առմամբ ողջունելով նախաձեռնությունը, որոշ փոփոխությունների վերաբերյալ եղել են նաև դեմ արտահայտվողներ:
Ամփոփելով լսումները՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին հետաքրքիր և բովանդակալից քննարկումների համար, որոնք կլինեն շարունակական: