Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։
Ազիզ Թամոյանը նշել է, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, որը հովանավորվում է Թուրքիայի կողմից, նախորդ դարասկզբին հայ և եզդի ժողովուրդների նկատմամբ Օսմանյան Թուրքիայի ցեղասպան քաղաքականության շարունակությունն է: Եզդիների ազգային միության նախագահի խոսքով՝ ինչպես Արցախյան առաջին և ապրիլյան պատերազմներում, այնպես էլ հիմա եզդիները կանգնած են հայ ժողովրդի կողքին:
Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Ազիզ Թամոյանին և եղբայրական եզդի ժողովրդին ստեղծված իրավիճակում ցուցաբերած գործուն աջակցության համար և ընդգծել, որ համատեղ ջանքերով կրկին հաջողվելու է չեզոքացնել արտաքին վտանգները: