Հաագայի Կոսովոյի հատուկ պալատները 2026 թվականի սեպտեմբերի 16-ին կհրապարակեն Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիի և ևս երեք բարձրաստիճան ամբաստանյալների գործով դատավճիռը։ Նրանք մեղադրվում են պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեջ։ Սպասվող դատավճիռը կարևոր հանգրվան է Արևմտյան Բալկաններում միջազգային արդարադատության համար՝ ամփոփելով տարիներ տևած իրավական գործընթացը, որը սկսվել էր 2020 թվականին Թաչիի և նրա գործընկերների մեղադրանքների առաջադրմամբ և դրան հաջորդած հրաժարականներով:
Թաչիից բացի, դատարանը որոշում կկայացնի խորհրդարանի նախկին խոսնակներ Կադրի Վեսելիի և Յակուպ Կրասնիչիի, ինչպես նաև նախկին պատգամավոր Ռեջեփ Սելիմիի վերաբերյալ։ Բոլոր չորս ամբաստանյալները, որոնք 1990-ականների վերջին հակամարտության ժամանակ Կոսովոյի ազատագրական բանակի (KLA) կարկառուն ռազմաքաղաքական դեմքերից էին, հերքում են իրենց հասցեին հնչած բոլոր մեղադրանքները, որոնք վերաբերում են ապօրինի կալանավորումներին, տանջանքներին և սպանություններին:
Ինչպես հաղորդում է Balkan Insight պարբերականը, այս բարձր հնչեղություն ունեցող դատավարությունը ուղեկցվել է բազմաթիվ հետաձգումներով և քաղաքական սուր հակասություններով։ Գործընթացը բողոքի ալիք է բարձրացրել ամբաստանյալների կողմնակիցների շրջանում եվրոպական մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Պրիշտինայում, Տիրանայում, Սկոպիեում, Ստրասբուրգում և Հաագայում։ Շատ էթնիկ ալբանացիներ մասնագիտացված դատարանը համարում են կանխակալ՝ պնդելով, որ այն ուղղված է Կոսովոյի ազատագրական բանակի արդարացի պայքարի դեմ:
Դատական գործընթացը բախվել է նաև լուրջ ինստիտուցիոնալ մարտահրավերների։ Դատարանի աշխատանքներն ուղեկցվել են ապատեղեկատվության, ատելության խոսքի տարածման և վկաների ահաբեկման մեղադրանքներով, որոնցից մի քանիսով արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ։ Սեպտեմբերի 16-ին սպասվող հայտարարությունից առաջ Կոսովոյի ազատագրական բանակի վետերանների կազմակերպության ղեկավար Հյուսնի Գուցատին հայտնել է, որ աջակիցները պատրաստվում են եվրոպական տարբեր երկրներից ժամանել Հաագա՝ հույս հայտնելով, որ ամբաստանյալները կարդարացվեն:

