fbpx
Քաղաքականություն

Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Իրանի նախագահին

Այսօր՝ ապրիլի 25-ին, Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը իր հավատարմագրերը հանձնեց Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին։

Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջից։

«Ողջունելով ՀՀ դեսպանին՝ նախագահ Ռայիսին հույս հայտնեց, որ նրա գործունեության ընթացքում էական առաջընթաց կգրանցվի հարևան և բարեկամ երկու երկրների հարաբերությունների տարբեր ուղղություններում, ինչպիսիք են տնտեսական հարաբերությունները, առևտուրը և այլ ոլորտները։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Ավագյանը նշեց, որ առավելագույն ջանքեր կգործադրի երկու երկրների հարաբերությունների շարունակական զարգացման ուղղությամբ։

Արսեն Ավագյանն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության հարցում:

ԻԻՀ նախագահը խնդրեց նաև իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ ղեկավարությանը», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ