fbpx
Կառավարություն

Հայ և ռուս փրկարարների եղբայրությունը կոփվել է Սպիտակում․ ՌԴ սենատոր

Մայիսի 14-ին Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանն ընդունեց ՌԴ Դաշնային խորհրդի (ԴԽ) պատվիրակությանը՝ ԴԽ պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Արենինի գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում ընդգրկված են սենատորներ Ֆրանց Կլինցևիչը, Վյաչեսլավ Մարխաևը և ՌԴ օրենսդիր վերին պալատը ներկայացնող մի շարք այլ անձինք:

Հայկական կողմը հանդիպմանը ներկայացնում էին Արա Նազարյանը, ԱԻ փոխնախարար Արկադի Բալյանը, Արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության միջազգային համագործակցության առաջին բաժնի պետ Աղվան Սարգսյանը:

Հանդիպման նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-ռուսական համագործակցության հեռանկարները:

Ողջունելով հյուրերին՝ փոխնախարար Արա Նազարյանը նշեց, որ ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարությունները համագործակցում են երկու երկրների կառավարությունների միջև ստորագրված արդյունաբերական վթարների, տարերային աղետների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին համաձայնագրերի և տարբեր միջազգային կառույցների շրջանակներում (ՀԱՊԿ, ԱՊՀ, ՄԱԿ, ԵԱՏՄ):

Առանձին ուշադրություն է դարձվում հայ փրկարարների ուսուցման կազմակերպման գործընթացին, պարբերաբար անցկացվում են համատեղ հատուկ տակտիկական և ուսուցողական վարժանքներ:

Արա Նազարյանի խոսքով՝ հայ-ռուսական համագործակցությունը համընթաց զարգանում է նաև սեյսմիկ պաշտպանության, լեռնափրկարարական աշխատանքների իրականացման, անտառային հրդեհների դեմ պայքարի, երկրաշարժերից պաշտպանվելու և դրանց հետևանքների վերացման ոլորտներում:

Այս առումով, ԱԻ փոխնախարարը նշեց, որ 2017 թ. Խոսրովի անտառ արգելոցը պատուհասած հրդեհը հաջողվեց մարել ռուսական կողմի տրամադրած ինքնաթիռի օժանդակությամբ:

Արա Նազարյանի խոսքով՝ ինքնաթիռի ռուս անձնակազմը հրդեհաշիջման արդյունավետության համար ստիպված էր թռիչքներ իրականացնել չափազանց ցածր և վտանգավոր բարձրության վրա, որի համար օդանավի անձնակազմը պարգևատրվել է ԱԻՆ շքանշաններով:

Սերգեյ Արենինը, շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ջերմ ընդունելության համար, նշեց, որ արտակարգ իրավիճակների արձագանքման և կանխարգելման ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների հիմքում ընկած է բազմամյա երկկողմ փոխշահավետ համագործակցությունը և ամուր իրավական բազան, ինչը թույլ է տալիս երկու երկրների ԱԻ նախարարություններին իրականացնել համատեղ և արդունավետ աշխատանք:

Որպես արտակարգ իրավիճակների արձագանքման և կանխարգելման ոլորտում հայ-ռուսական համագործակցության հետագա զարգացման գրավական՝ Սերգեյ Արենինը մատնանշեց 2015 թ. հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծումը և ծավալած բազմակողմանի գործունեությունը:

Արա Նազարյանը, նույնպես կարևորելով հումանիտար կենտրոնի գործունեությունը, առանձնացրեց Սիրիային և Իրանին ցուցաբերված մարդասիրական օգնության առաքելությունները:

Սերգեյ Արենինը, վկայակոչելով Սպիտակի ավերիչ երկրաշարժը, նշեց, որ հենց այստեղ՝ Հայաստանում, երկրաշարժի հետևանքների վերացման գործընթացի ժամանակ դրվեցին ԽՍՀՄ, ապա նաև ԱՊՀ անկախ երկրների փրկարարական և լեռնափրկարարական ծառայությունների ստեղծման հիմքերը:

«Հենց այդ ժամանակ է կոփվել մեր փրկարարների եղբայրությունը, ինչն իրենց հնարավորություն է տալիս լուծել անգամ ամենաբարդ խնդիրները»,- նշեց Սերգեյ Արենինը:

Հանդիպումից հետո հյուրերն այցելեցին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն (ՃԿԱԿ):

Այցելության ընթացքում կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը մանրամասն ներկայացրեց ՃԿԱԿ առաքելությունը, գործունեությունը և գործառույթները:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ