ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամները խնդրել են ԵԽԽՎ հատուկ զեկուցող Փոլ Գավանին Բաքվում տեսակցել հայ գերիներին:
«Քանի որ առաջիկայում նախատեսվում է Փոլ Գավանի այցը Բաքու, մենք մեր հանդիպումների ժամանակ խնդրել ենք անպայման գնալ, այցելել է մեր գերիներին։ Նա նաև Հայաստանում հանդիպում է ունեցել գերիների հարազատների հետ, և նրանք տեղեկատվության են սպասում»,- նշել է Հայրապետյանը։
Պատգամավորի խոսքով` այդ կապը փորձում են մաքսիմալ պահել` անկախ նրանից, որ հաջորդ գումարման Ազգային ժողովում չեն լինի:
«Մեր խնդիրն է, որպեսզի Գավանն այցելի գերիներին և տեղեկացնի՝ ինչ է կատարվում, այդ ինչ շինծու դատավարություններ են, ինչպես են այնտեղ մեր գերիները և նաև այդ տեղեկությունը փոխանցենք հարազատներին»,- հավելել է Հայրապետյանը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքներն ուսումնասիրելու նպատակով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հատուկ զեկուցող Փոլ Գավանը մայիսի 19-22-ը Հայաստան էր ժամանել։ Այցելության նպատակը «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» զեկույցի նախապատրաստումն էր, որի շրջանակներում Գավանը նույն առաքելությամբ առաջիկայում կայցելի նաև Ադրբեջան։