fbpx
Զինված Ուժեր

ՀՀ-ն աստիճանաբար անցում կկատարի արհեստավարժ բանակի․ Կառավարության ծրագիրը

zinvor-1

Ներկայացվել է հայաստանի կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, որում Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի սահմանադրական առաքելությունն է ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Ներկայացնում ենք կառավարության ծրագիրը ստորև․

«Պաշտպանության բնագավառում Կառավարության նպատակն է իրականացնել շարունակական բարեփոխումներ, որոնք կապահովեն Զինված ուժերի կողմից սահմանադրական առաքելության կատարումը։ Ընդ որում բարեփոխումների ռազմավարությունը նախատեսում է, որ պաշտպանության համակարգի բոլոր կառույցները և բաղադրիչները, ներառյալ Զինված ուժերը, պետք է համակարգված և ներդաշնակ աշխատեն և մնան քաղաքական չեզոքության սահմանադրական պահանջի շրջանակում։

Պաշտպանության համակարգի ռազմավարությունը մշակվում է՝ հաշվի առնելով համաշխարհային և հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական, ռազմաքաղաքական ու ռազմական գործընթացները։ Հաշվի են առնվում նաև ռազմական գործողությունների բնույթի, օպերատիվ մարտավարական արվեստի և մարտավարության փոփոխություններն աշխարհում։ Սրանով պայմանավորված՝ Կառավարությունը վերանայելու է մարտական գործողությունները պլանավորելու և վարելու ձևերը, ինչպես նաև Զինված ուժերի կառավարման համակարգը:

Զինված ուժերի բարեփոխումների ռազմավարությունը մեծապես հիմնվում է նաև 44-օրյա պատերազմից քաղած դասերի և նոյեմբերի 9-ից հետո ձևավորված անվտանգային միջավայրի վերլուծության վրա։ Կառավարությունը սահմանելու է այն հիմնական ուղենիշները, երկարատև պլանավորման խնդիրներն ու ռեսուրսները, որոնց վրա հիմնվելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտի և հինգերորդ սերնդի պատերազմավարման գործիքակազմի զարգացումը։

Կառավարությունը Զինված ուժերի մարտունակության վերականգնումն իրագործելու է ապագային միտված առաջանցիկ տեսլականով՝ հայկական բանակի լավագույն ավանդույթներն ու ձեռքբերումները պահպանելով հանդերձ, կառուցել ապագայի բանակ իր սպառազինությամբ, կառավարման և ղեկավարման միասնական ավտոմատացված համակարգով, կազմկառուցվածքով և պատերազմավարման եղանակներով: Զինված ուժերի տեխնոլոգիական արդիականացմանը և արհեստական բանականությամբ օժտված համակարգերի կիրառմանը, զինված ուժերի կիրառման արդյունավետության բարձրացմանը զուգահեռ, լուծվելու են նաև անձնակազմի համալրման և մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրները:

Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների մեկնարկած լայնածավալ գործընթացը բաղկացած է և՛ կառուցվածքային, և՛ բովանդակային փոփոխություններից: Ռազմավարական հեռանկարում Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար անցում կկատարի արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի, ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքն էականորեն կփոխվի: Զինված ուժերում կանանց ներգրավվածությունը շարունակաբար կաճի:

Հաշվի առնելով զինվորական ծառայության զարգացման ու կատարելագործման հեռանկարները՝ առաջիկայում Կառավարությունը ձգտելու է զինծառայության ժամկետների կրճատմանը՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի։ Սրանով Կառավարությունը խթանելու է զինվորական ծառայության շահադրդման թե՛ նյութական և թե՛ բարոյահոգեբանական մեխանիզմները:

Կառավարությունը բարձրացնելու է Զինված ուժերի կառավարման և ղեկավարման համակարգի արդյունավետությունը: Իրականացվելու են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված պաշտպանության ոլորտի համապետական խնդիրների լուծմանն ու պաշտպանության կազմակերպման ընթացակարգերի հստակեցմանը, այդ թվում՝ պետության ռազմական անվտանգության համակարգի մարմինների պաշտպանության ոլորտին առնչվող լիազորություններն ու պարտականությունները:

Վերանայվելու է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, մշակվելու է նոր Ռազմական դոկտրին, Պետության պաշտպանության պլան, կատարելագործվելու են պետությունը պաշտպանության նախապատրաստելու գործիքակազմերն ու ընթացակարգերը: Զինված ուժերի կառավարման և ղեկավարման արդյունավետության բարձրացման և որոշումների կայացման ժամանակահատվածը կրճատելու նպատակով ներդրվելու է միասնական ավտոմատացված կառավարման այնպիսի համակարգ, որն ապահովելու է ժամանակակից ռազմական գիտությանը համահունչ արագ և առաջանցիկ որոշումների կայացումը: Այդ նպատակով Զինված ուժերի կառավարման և զորային օղակներում իրականացվելու են կազմակերպչական և հաստիքային փոփոխություններ: Առաջադրված խնդիրների լուծման նպատակով կազմավորվելու են մեծ շարժունակությամբ և կրակային հզորությամբ, երկար ժամանակ ինքնուրույն մարտական գործողություններ վարելու ունակ զորամիավորումներ ու ստորաբաժանումներ:

Զինված ուժերի կազմակերպական և հաստիքային կառուցվածքի բարելավման միջոցով Կառավարությունը նպատակ է հետապնդում հասնելու արդյունավետության բարձրացման, մասնավորապես ձևավորվելու են մեծ շարժունակությամբ օժտված մարտական կազմավորումներ։

Կառավարությունը շարունակելու է սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման գործընթացները: Առավել նպատակային քաղաքականություն է իրականացվելու դաշնակից և գործընկեր պետությունների հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում: Հատուկ կարևորություն է տրվելու այդ ոլորտում դաշնակցային և գործընկերային հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես ընդլայնվելու է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը, որն առաջնահերթ ուղղվելու է համատեղ ուժերի (համակարգերի) ռազմական ներուժի ավելացմանը և երկու պետությունների զինված ուժերի առավելագույն փոխգործունակության ապահովմանը:

Կառավարությունը շարունակելու է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մեխանիզմների կատարելագործումը։ Կյանքի են կոչվելու տարածքային պաշտպանության համակարգի, ակտիվ պահեստազորի և աշխարհազորայինների պատրաստման ծրագրերը: Ինչպես ներգրավված ուժերի, այնպես էլ տեխնիկական նոր լուծումների միջոցով կատարելագործվելու է ՀՀ պետական սահմանի պահպանության համակարգը:

Ամբողջությամբ՝ Կառավարության ծրագրում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ