ԼԵՄ ՉԱԲԱՆԳ (Ազատ TV) – ԱՄՆ ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» (USS Abraham Lincoln, CVN-72) ատոմային ավիակիրը և դրա հարվածային խումբը հեռացել են Թաիլանդի ափերից և ուղղություն վերցրել դեպի Միացյալ Նահանգներ՝ ավարտելով ռեկորդային՝ 286-օրյա մարտական հերթապահությունը։ Սեպտեմբերի 6-ի առավոտյան կայացած մեկնումին նախորդել էր հնգօրյա կայանումը Լեմ Չաբանգ նավահանգստում, որը դարձել է անձնակազմի առաջին խոշոր հանգստի հնարավորությունը Մերձավոր Արևելքում իրականացված երկարատև ռազմական գործողություններից հետո, հայտնում են The Maritime Executive և The New York Post պարբերականները։
Ռազմական նավարկությունները սովորաբար տևում են 6-ից 9 ամիս, սակայն Մերձավոր Արևելքում Իրանի դեմ հակամարտության սրումը հանգեցրել է «Աբրահամ Լինքոլնի» հերթապահության աննախադեպ երկարաձգմանը։ Մոտ 5000 հոգանոց անձնակազմով ավիակիրը ներգրավված է եղել ռազմածովային շրջափակման և մարտական գործողությունների մեջ։ Ըստ ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսականների՝ նավը սահմանել է ժամանակակից ռեկորդ՝ ծովում անընդմեջ գտնվելու օրերի քանակով։
3-րդ ավիակիր հարվածային խմբի հրամանատար, դերծովակալ Ռոբերտ Է. Լոքրանը նշել է, որ այս հարվածային խմբի կատարած առաքելությունն իրապես պատմական է, իսկ Թաիլանդում կանգառը նավաստիներին ու ծովային հետևակայիններին ուժերը վերականգնելու հույժ անհրաժեշտ հնարավորություն է տվել։
Այս այցը ԱՄՆ ավիակրի առաջին կանգառն էր Թաիլանդում վերջին 14 տարվա ընթացքում։ Քանի որ Թաիլանդը հանդիսանում է Հարավարևելյան Ասիայի ցամաքային մասում ԱՄՆ միակ դաշնակիցը՝ ըստ պաշտոնական պայմանագրի, այցն ուներ ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ տնտեսական նշանակություն։ Պատայա քաղաքի քաղաքապետ Պորամասե Նգամպիչեսի տվյալներով՝ ամերիկացի զինվորականները հնգօրյա հանգստի ընթացքում տեղական տնտեսությունում ծախսել են շուրջ 3 միլիոն դոլար, ինչը լուրջ աջակցություն էր զբոսաշրջային պասիվ սեզոնում գտնվող տարածաշրջանի համար։
Մինչ անձնակազմը հանգստանում էր Պատայայում, տեղական կապալառուներն իրականացրել են ավիակրի արտաքին մաքրման աշխատանքները։ Մերձավոր Արևելքի տաք ջրերում երկարատև գտնվելու պատճառով նավի իրանը պատվել էր ջրիմուռներով և կեղտով, որոնք ամբողջությամբ հեռացվել են նավահանգստում գտնվելու ընթացքում։
ԱՄՆ ռազմածովային ուժերը հաստատել են, որ ավիակրի կանգառը իրականացվել է 7-րդ նավատորմի պատասխանատվության գոտում ընթացիկ գործողությունների շրջանակում։ Թեև պաշտոնական աղբյուրները չեն հստակեցնում նավի վերջնական երթուղին, ռազմական փորձագետները վստահ են, որ հարվածային խումբն ուղղություն է վերցրել դեպի Սան Դիեգոյի (Կալիֆոռնիա) մշտական տեղակայման վայր, ուր կժամանի սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին։

