ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 10-ին տեղի ունեցած հայ-իտալական առաջին գործարար համաժողովի ընթացքում հրավիրեց իտալացի գործընկերներին մասնակից դառնալ Հայաստանի Հանրապետության տնտեսության թռիչքին։ Փաշինյանը նաև հավելեց, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է երկրի տնտեսության թռիչքաձև զարգացումը։
«Մեկ տարի առաջ Հայաստանում քաղաքական դրամատիկ փոփոխություններ են տեղի ունեցել և աննախադեպ իրադարձություն. տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն, և Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է առանց որևէ բռնության։ Ուզում եմ ասել, որ այդ գործում ամենևին էլ երկրորդական դեր չի ունեցել այն փաստը, որ մենք կարողացել ենք այնպես անել, որ որև՝ արտաքին ո-ժ ներգրավված չլինի Հայաստանի ներքաղաքական խնդիրների լուծմանը, և դա վճռական նշանակություն է ունեցել նրանում, որ, ըստ էության, մեր հանրության շրջանում հաջողվել է ձևավորել կոնսենսուս, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի ժողովրդական, օրենքի գերակայությամբ երկիր, որտեղ հնարավորություն լինի մարդկանց համար զարգացնել իրենց տաղանդը, իրացնել իրենց տաղանդը և իրենց տաղանդով բարձրացնել երկիրը, հայրենիքը, Հայաստանի Հանրապետության տնտեսությունը: Նախորդ մեկ տարվա ընթացքում մենք կարողացել ենք Հայաստանում քաղաքական առումով արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, քաղաքական առումով վերացնել մենաշնորհները», – ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը այնուհետև հավելել է. «Տեղի ունեցած հեղափոխությունն աննախադեպ է նաև նրանով, որ մենք չունենք սեփականության վերաբաշխման գեթ մեկ դեպք։ Հայաստանում տնտեսական ցնցումներ ընդհանրապես տեղի չունեցան, և տնտեսությունը գտնվում է աճի փուլում։ Այս պահին ունենք ՀՆԱ-ի 7.1% աճ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը ապրիլ ամսին կազմել է 9.2%։ Մենք ասում ենք, որ Հայաստանը պատրաստվում ենք դրախտ դարձնել տաղանդավոր մարդկանց համար։ Մենք պատրաստվում ենք ստեղծել այնպիսի էկոհամակարգ, որ յուրաքանչյուր տաղանդավոր մարդ իր տաղանդն իրացնելու, հարստանալու և հարստացնելու հնարավորություն ունենա։ Դուք ՀՀ-ում իսկապես հայտնվել եք ճիշտ ժամանակին, և կառավարությունն ամբողջ թափով մտադրված է ձեր ընկերությունների համար իրացվելու հնարավորություն ստեղծել։ Իտալացի գործընկերներին հրավիրում եմ մասնակցել տնտեսական թռիչքին, հարստանալ և հարստացնել Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Փաշինյանը։

