Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտված երկրորդ Եվրոպական խաղերում Հայաստանը 5 ոսկե, 3 արծաթե ու 3 բրոնզե մեդալով 11-րդ տեղը գրավեց մեդալային հաշվարկում:
Եվրոպական խաղերի չեմպիոն դարձան սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանն (49 կգ) ու Հովհաննես Բաչկովը (64 կգ) և մարմնամարզիկ Արթուր Դավթյանը (հենացատկ):
Արծաթե մեդալի արժանացան սամբիստ Դավիթ Գրիգորյանը (82 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ) և մարմնամարզիկ Վահագն Դավթյանը (օղակներ):
Սամբիստ Արսեն Ղազարյանը (74 կգ) և բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանն (60 կգ) ու Գոռ Ներսեսյանն (81 կգ) նվաճեցին բրոնզե մեդալ:
Եվրոպական խաղերին Հայաստանը մասնակցեց 37 մարզիկով՝ 9 մարզաձևերում:
Եվրոպական խաղերում հանդես եկան 4000-ից ավելի մարզիկներ 50 երկրներից:
Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։