Հունվարի 17-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Եվրոպական միության իրավապահ գործակալության՝ Եվրապոլի գործադիր տնօրեն Կատերին Դե Բոլի (Catherine de Bolle) հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:
Դեսպան Բալայանը, բարձր գնահատելով Եվրապոլի՝ որպես հանցավորության դեմ պայքարը համակարգող համաեվրոպական կառույցի, արդյունավետ գործունեությունը, ներկայացրեց Հայաստանում կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրավապահ մարմինների գործունեությունը։ Այդ համատեքստում կարևորվեց Եվրապոլի և ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության խորացումը։
Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ ոստիկանության և Եվրապոլի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։ Նախանշվեցին նշյալ կառույցների միջև համագործակցության հաստատման ուղղությամբ իրականացվելիք համատեղ քայլերը։
Եվրապոլի գործադիր տնօրենի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման նպատակով միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերի վերաբերյալ։