ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրառում է կատարել Facebook-ում: ՄԻՊ-ը անդրադարձել է մի շարք երկրնում հայերի նկատմամբ հարձակումներին:
«Այս օրերին մի շարք երկրներում տեղի են ունենում ադրբեջանցիների հարձակումները հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով:
Այս մասին վկայում են նյութերը (տեսանյութեր, գրառումներ և այլն), որոնք Մարդու իրավունքերի պաշտպանի աշխատակազմը ստանում է ահազանգերի միջոցով, ինչպես նաև հրապարակային նյութերի դիտարկմամբ:
Դիտարկումը ցույց է տալիս, որ հայերի նկատմամբ հարձակումները տեղի են ունենում էթնիկ պատկանելիության հիմքով ատելության (armenophobia) շարժառիթով և ուղեկցվում են ատելություն պարունակող, արժանապատվությունը նվաստացնող վանկարկումներով: Հարձակումներն ունեն սադրող բնույթ, տեղի են ունենում խմբերով՝ անպաշտպան քաղաքացիական անձանց վրա՝ նրանց հանկարծակիի բերելով:
Հրավիրում եմ միջազգային կազմակերպությունների ուշադրությունը նշված երևույթների վրա: Դա պետք է անհապաղ կանխել՝ հետագա լարվածություն և վտանգավոր զարգացումներ թույլ չտալու նպատակով: Այսօր միջազգային կառույցներին կուղարկեմ պաշտոնական նամակներ:
Կոչ եմ անում ցուցաբերել զգոնություն և չտրվել սադրանքների: Չի կարելի թույլ տալ օրենքով արգելված որևէ արարք, այդ թվում՝ անպաշտպան մարդկանց նկատմամբ: Անհրաժեշտ է բացառել վտանգավոր զարգացման և լարվածությանը նպաստող ցանկացած երևույթ»,-ասվում է Արման Թաթոյանի կատարած գրառման մեջ:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=673691393230069&id=100017676420633