fbpx
Քաղաքականություն

«Սա հայի բախտ չի, այլ հայի խելք». Վանո Սիրադեղյան

Շուրջ մեկ տարի առաջ՝ 1990 թվականի հոկտեմբերի 19-ին «Առավոտում» հրապարակվեց Աննա Իսրայելյանի հարցազրույցը Վանո Սիրադեղյանի հետ «Չի կարող սոված ժողովուրդը իր արյան ծարավը հագեցնել» վերնագրով։ Ներկայացվող հատվածը նախատեսվում էր հրապարակել նույն թերթի հաջորդ համարում, սակայն տեխնիկական պատճառներով հետաձգվեց․ ապա և առհասարակ լույս չտեսավ։ Այն, ըստ էության, ոչ այնքան հարցազրույցի շարունակությունն է, որքան պետական-հասարակական գործչի նկատառումներ համեմված պատմահամեմատական վերլուծություններով ու դիտարկումներով։

Ձայնագրությամբ պահվանված խոսքը սկիզբ առավ ի պատասխան լրագրողի «արդարավա՞ծ է արդյոք ժանտախտի ժամանակ իշխանությունների խնջույքը» հարցի։

«Երբ մտածում եմ մեր ժողովրդի և իշխանության ներկա վիճակի մասին՝ չեմ կարող զուգահեռներ չանցկացնել մեր հարևանների հետ։

Երբ ժողովուրդը մթան մեջ էր և օրը 1-2 ժամ լույս ուներ, այնպիսի կարծիք կար, ոչ միայն ժողովրդի մեջ (մեր պետականության անփորձության մասին եմ ասում և ժողովրդի հոգեբանության մասին), այլև հենց «Ղարաբաղ» կոմիտեի մեջ, Շարժման ղեկավարների մեջ, որ, օրինակ, նախագահի նստավայրում և ղեկավարների տներում էլ պիտի լույս չլինի, իրենք էլ պիտի լույս չունենան, որ ժողովրդի հետ հավասար տառապեն:

Պատերազմի ժամանակ, դուք պատկերացրեք: Ոչ միայն անփորձությունը, այլև ես կասեի՝ հազար տարի պետականություն չունեցող ժողովրդի ընդհանրապես հետ սովորելը համակեցության որևէ կանոնից: Զուտ ազգային համակեցության որևէ կանոն Հայաստանում չի եղել: Եվ այդ համակեցության կանոնները, այնուամենայնիվ, մտցնելը բոլորի և առաջին հերթին ՆԳ նախարարի խնդիրն էր: Ես ՆԳ նախարար ասելով՝ նկատի չունեմ միայն ոստիկանության նախարար: Աշխարհում կան և հասարակական կարգի պահպանության նախարարություն, և քրեական ոստիկանություն… Մերը ընդհանուր էր, և երբ ես խառնվում էի շատ գործերի, ասում էին՝ քիթը ամեն տեղ խոթում է: Բայց իմաստը, միտքը այն էր, որ չեղած, հազար տարի չեղած համակեցության կանոնները, պետության հետ հարաբերվելու կանոնը ժողովուրդը ձեռք բերի: Ճաշակի օրենսդիր պետք է լինի և նախագահը, և ներքին գործերի նախարարը: Էլ չեմ ասում՝ վարչապետը: Որպեսզի համակեցության այդ կանոններին վարժեցնի մարդկանց: Տարիներ շարունակ մտցնի մարդկանց գլուխը, որ կարելի է ունենալ նաև սեփական պետություն և սեփական իշխանավոր:

Ժողովրդի անվտանգությանը սպառնալիք է, երբ նախագահը կես օր լույս չի ունենում: Եթե նա գիշերը վատ է քնում և առավոտյան ուռած գլխով կամ ուռած աչքերով է գնում աշխատանքի և ղեկավարում է երկիրը, դու պատկերացրու… Եվ հարաբերվում է ուրիշ երկրների հետ: Կոմերիտական, ՆԷՊ-ից առաջ եղած կոմունիստական բարքերը, որ անմիջապես վերացրին, Լենինը արագ վերացրեց, և լեգենդը թողեցին, թե Լենինը, իբր, սև հաց էր ուտում, սուտը… Եվ հայերը հավատացին միանգամից, և մտածում էին, որ հովհարային ռեժիմով պետք է անջատել նաև պրեզիդենտի նստավայրի լույսերը, որն ապահովում է կապ, նորմալ մարդկային կենցաղ, ռազմաճակատի հետ կապ, աշխարհի հարևան երկրների հետ կապ, վերջապես՝ ջերմություն, որ երկրի ղեկավարները բյուլետենների մեջ չլինեն, անկողինների մեջ պառկած չլինեն և թաշկինակները քթերին պահած՝ չքայլեն ժողովրդի մեջ: Սա երկրի պատիվն է, անվտանգությունն է: Հարկ էր լինում տարրական պարզունակ բաներ սովորեցնել ոչ միայն ժողովրդին, այլև ղեկավարության մեջ եղածներին, «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին:

Փշաքաղվել կարելի է․ պատկերացրու ինչերով են անցել և քանի մարդ, քանի գործիչ, որ հիմա պետական հզոր պաշտոններում են և կամ Հայաստանից գնացել են նրանցից 1\10-ն էին ընդունում կամ 1\100-րդը։ Մյուսները չարանում էին, թշնամանում, փոխանակ հասկանային, իրենք այդպիսի դատարկ բաները բացատրելուց թշնամանում էին։ Եվ ես չեմ կարող չհամեմատել, ինձ համար ազգային արժանապատվությունը ոտնահարող, ուղղակի ստորացուցիչ փաստ է Արամ Մանուկյանի մահը։ Անհեթեթ մահը․ ես կասեի։ Ժողովուրդը 1000 տարի հետո անկախություն է ձեռք բերում, պետականություն է ձեռք բերում, ունենում է պետության ղեկավար, գործադիր իշխանության ղեկավար։ Հերոս մարդ։ Բացառիկ մարդ։ Եթե տասը մարդ պահպանվում էր այդ պետության մեջ, ոչ միայն պաշտպանվում, այլև պահպանվում․ պետք է այդ մարդը տասից մեկը լինե՞ր։ Ո՞նց է տիֆից մեռնում երկրի համար ճակատագրական պահին։

Ես չեմ կարող զուգահեռը չանցկանել Քեմալի հետ։ Նույն ժամանակվա սերնդից։ Երբ նա արաբական ճակատի գեներալ էր՝ հրաժարվեց գլխավոր շտաբի հրամանը կատարել, ճակատամարտ տալ հակառակորդի դեմ։ Եվ նրան ոչ թե գնդակահարեցին, ոչ թե դատեցին, այլ ուղարկեցին ռուսական ճակատ և մի քանի ամիս հետո ուղարկեցին Բուլղարիա դեսպանատան ատաշե։ Մի քանի տարի հանգիստ ապրեց, հետո եկավ և երկիրը փրկեց։ Եկավ բանակ ստեղծեց, մի երկիր, որն այսօր Թուրքիան է, հզոր, լուսավորյալ, ոչ կրոնական, օրինակ մուսուլմանական աշխարհում 600 հազար բանակով, հզոր արդյունաբերությամբ, հզոր գյուղատնտեսությամբ։

Բայց կարող էին, չէ՞ նրան գնդակահարել գլավոր շտաբի հրամանը չկատարելու համար։ Հայերը կգնդակահարեին այդ դեպքում։ Այնսինքն, իրենք պահպանեցին իրենց գեներալին, և այդ մարդը փրկեց երկիրը, սարքեց այսպիսի հզոր պետություն, որից բոլոր հարևանները հիմա դողում են։

Այն ժամանակ, ընդ որում, Թուրքիայի ներկայիս տարածքում թուրք բնակչությունն 8 միլիոն էր։ Հայ բնակչությունը՝ 4 միլիոն։ Հիմա Թուրքիայում 55 միլիոն է։ Ինչքան քրդեր ուզում ես հանիր արանքից։ Իսկ Հայաստանում՝ 2 միլիոն։ Ահա թե ինչ է նշանակում խնամքով վերաբերել մարդկանց։ Ահա թե ինչ է նշանակում պետական մտածողություն ունենալ։ Ես չեմ ուզում մեզ նվաստացնել այդ համեմատության մեջ, բայց պատմությունն ինքն է փաստը տալիս։ 70 տարի այդպիսի վարքի շնորհիվ, այդպիսի խնամքի շնորհիվ իրենք իրենց այդպես խնամելով, այդպես պահպանելով՝ փաստորեն ութ անգամ ավելացրել են իրենց երկրի նակչության թիվը։ Իսկ Արամը մեռնում է այդպիսի անհեթեթ մահով։ Ու մեր երկրի բնակչությունն այսօր էլ 2 միլիոն է։

Սփյուռքի բնակչության 80 տոկոսը, երևի չգիտի, որ մենք Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունենք։ Վերջերս տագնապալի մտածում եմ, որ Հայաստանի ժողովրդի մեծ մասն էլ դա չի գիտակցում։ Հասարակ ժողովուրդը չի գիտակցում։ Քանի որ Վրաստանում Շևարդնաձեն է ղեկավարը, քանի որ Բաքվում Ալիևն է ղեկավարը, ես խորը տագնապներ ունեմ, որ մեր ժողովրդի մեծ մասը մտածում է, որ միայն Հայաստանն է իր երիտասարդ իշխանություններով, իր քյալագյոզներով Ռուսաստանից առանձնացնել, չնայած այստեղ զորամաս բան ունենք ունենք, և արգելք է հանդիսանում Ռուսաստանի հետ անմիջական կապին։ Կամ եթե մեր հարաբերությունը Վրաստանի հետ շատ լավ լինի մենք միանգամից Ռուսաստանի հետ սահման կունենանք։ Ես տագնապում եմ, որ, իրոք, այսպես է։

Ռուսաստանի բացակայությունն ավելի շատ իրենց մաշկի վրա զգում են։ Ավելի հստակ են զգում։ Որովհետև իրենց սահմանում Ադրբեջանն է։ Հայաստանում կարծում են, թե Ռուսաստանի սահմանը Սադախլոյում է։ Հոգեբանական այս պահը շատ կարևոր է։ Եվ վախենում եմ ամենաշատը նրանից, որ հայերը իներցիայով միշտ մտածում են կամ պիտի Ռուսաստանի կողմ լինել կամ պիտի Ռուսաստանի թշնամի լինել։

Եվ մոռանում ենք, որ անցել են այն ժամանակաները, երբ զորքը գալիս է կանգնում սահմանի վրա, և դու որոշում ես՝ ճակատամա՞րտ ես տալիս, թե՞ իր կողմն ես անցնում։ Հիմա այդ ժամանակը չի, փառք Աստծո, հիմա 20-րդ դարը վերջանում է։ Եվ հնարավո՞ր է գտնել տարբերակ և թե՜ Արևմուտքի շահը, թե՜ Ռուսաստանի շահը համատեղել Հայաստանում։ Չնայած երկրներ կան, որ կարող են դա թույլ չտալ, երրորդ երկրներ կան կամ միգուցե մեր երկրների շահերից չի բխում համատեղությունը, բայց դիվանագիտությունը նրա համար է, որ համատեղես։

Հիմա, երբ երկրի ղեկավարները գնում են Ամերիկա, ասում են ըհը՞ Ռուսաստանին դավաճանեցին։ Երբ գնում են Ռուսաստան, ասում են Ամերիկային դավաճանեցին։ Ես շատ չեմ մեղադրում անփորձությունը, պետությունը չունենալը հազար տարվա իր ազդեցությունն ունի, բայց քաղաքական գործիչները, այս տասը տարվա ընթացքում աճած, դրսում հարյուր տարի, թե քանի տարի քաղաքականությամբ են զբաղված (չեմ էլ կարծում, թե քաաքականությամբ են զբաղվել, չգիտեմ ինչով են զբաղվել) կուսակցությունները գոնե հասկանո՞ւմ են ու չհասկանալո՞ւ են տալիս, որ որևէ տեղ գնալը չի նշանակում մյուսին դավաճանել։

Այսինքն խորը միջնադարյան, վաղ միջնադարյան մի մռայլ բան կա, կարծես հիշատակ էն հին պետությունից։ Վերջին մեր Բագրատունիների թագավարությունից։ Մտայնություն, որ կամ էս կողմ պիտի լինես, կամ էն կողմ․ կամ Պարսկաստանի, կամ Բյուզանդիայի։ Հայերը ոնց որ լռվել են էդ միջնադարում, դեռ 4-րդ դարից։

Քաղաքական մտքի հին ստերիոտիպով՝ այսօր նույն քաղաքականությունն են վարում մեր կուսակցությունները։ Խորը նիրհի մեջ․ քաղաքական մտքի մրափած կաղապարներով։ Չի լինելու այդպես Անդրկովկասում։ Լինելու է և այս կողմից, և այն կողմից։ Եվ սա է ոսկե միջինը, որի վրա կարելի է և տասը տարի աշխատել։ Բայց աշխատել միայն դրա վրա։

Մեր երկրի բախտը (ասում են՝ հայի բախտ, բայց դա հայի բախտ չի, պարզապես հայի խելք է), որ ընդհանուր է այս դեպքում սովետական երկրի ժողովուրդների համար, ուղնուծուծով լի է արդեն տասը տարի բացակայող երկրի՝ Սովետական Միության գաղտնի ծառայությւոնների շոշափուկներով։

Այդ շոշափուկներն ապրում են։ Եվ դրա դեմ շատ ամուր պետական անվտանգություն է պետք ստեղծել։ Շատ ամուր։ Եվ բոլոր ներքին տարաձայնությունները, բոլոր ներիշխանական գզվռտոցները, թե՜ մեր ժամանակ, թե՜ հիմա․ բոլորը գալիս են այդ շոշափուկներից։

Իբր էիչ էր (էն հին՝ արդեն չեղած երկրի ծառայությւոնները՝ հիմա երկիրը տասը տարի բաց է, և տասնյակ երկրների գաղտնի ծառայություններ ուղղակի ողողել են Հայաստանը։ Այս փոքրիկ երկիրը։ Եվ հակվածությունը ստալինյան պետության ժամանակ՝ ամեն ինչ ծախել, ամենքին դավաճանել, ամեն քայլի դավաճանել այդ սերունդը, հո չի՞ վերացել, այդ սերնդի հաջորդ սերունդը նոր դաս հո չ՞ի առել։

Եվ նրանք նույն հաջողությամբ աշխատում են և՜ այստեղ, և՜ այնտեղ, և՜ այս երկրի համար, և՜ այն երկրի համար։ Այն հակվածության մարդկանցից յուրաքանչյուրը գտել է իր հովանավորին։ Դա տասնյակ տարիներ դեռ լինելու է մեր երկրի անվտագության ամենամեծ թշնամին։

․․․ Իսկ դու ասում եք՝ ով ում դեմ ցուցմունք տվեց։

Աղբյուրը՝ Աննա Իսրայելյանի Facebook-յան էջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ