Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը համոզմունք է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերությունները, մասնավորապես՝ Երևանի և ռուսաստանյան խոշոր քաղաքների միջև բացառիկ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ՝ այդ հարցում կարևորելով երկու երկրների դեսպանների մասնակցությունը:
Շնորհավորելով Հայկ Մարությանին` քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, դեսպան Կոպիրկինն իր հերթին նկատել է, որ Երևանի և Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի, ինչպես նաև ռուսաստանյան այլ քաղաքների միջև համագործակցության մեծ ասպարեզ կա՝ մշակույթից ու սպորտից մինչև տրանսպորտ, աղբահանություն և ուրբանիստական բազմազան խնդիրների լուծում: Հայկ Մարությանն այս առումով նկատել է, որ երկու երկրների բնակիչները կենսակերպի ու մտածողության շատ նմանություններ ունեն, ինչն էլ ավելի է նպաստում չափերով համադրելի քաղաքների միջև գործնական հարցերում երկխոսության ծավալմանը:
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Երևանում և Մոսկվայում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: