fbpx
Առողջապահություն

Արուսյակ Հայրապետյանն ընդդեմ Արսեն Թորոսյանի և Առողջապահության նախարարության

Օրերս Արուսյակ Հայրապետյանից տեղեկացանք, որ ՀՀ Վարչական դատարանը անվավեր և ոչ իրավաչափ է ճանաչել կորոնավիրուսային հիվանդության պացիենտների հսկողության և սպասարկման կարգի վերաբերյալ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի 2020 թ.-ի ընդունած երկու հրամանների կարգավորումները։

ՀՀ Վարչական դատարանը 2022 թվականի հունվարի 4-ին որոշում է կայացրել մասնակի բավարարել Արուսյակ Հայրապետյանի դիմումն ընդդեմ Առողջապահության նախարարության։

Դատարանը մասնավորապես որոշել է անվավեր ճանաչել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ ըստ հիվանդության ծանրության աստիճանի նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների տեսակավորման գործընթացն իրականացնող, նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների հսկողությունը, բժկական օգնությունը և սպասարկումն իրականացնող կազմակերպությունների ցանկը և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իրականացվող լաբորատոր գործիքային ախտորոշիչ հետազոտությունների նվազագույն ծավալները հաստատելու մասին /10․04․2020թ-ի թիվ 1239- Ա հրամանի 5 և 6-րդ կետերը, լրացված թիվ 1638-Աա հրամանով/, ինչպես նաև ոչ իրավաչափ ճանաչել նախարարի թիվ 1606-Ա հրամանով հաստատված արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգի 1-ին և 2-րդ կետերը։

Դիմելով դատարան՝ Արուսյակ Հայրապետյանը պնդել է, որ նախարար Արսեն Թորոսյանի 10․04․2020 թ-ի թիվ 123-Ա հրամանի՝ 2020թ-ի հունիսի 16-ի դրությամբ գործող խմբագրությամբ 5-րդ և 6-րդ կետերը թույլ չեն տվել հոսպիտալացնել այն անձանց, ում մոտ առկա չի եղել մարմնի ջերմաստիճանի բարձրացում >38․5 C 3 օրից ավեի և/կամ արյան թթվածնով հագեցվածությունը Sp02≤93% և/կամ շնչառության հաճախությունը >22/րոպե, փոխարենը նրանք ուղղորդվել են քաղաքային պոլիկլինիկա, որը, սակայն, որակյալ բուժօգնությունը ի վիճակի չի եղել տրամադրել։

Արդյունքում, իր հայրը՝ Ֆելիքս Հայրապետյանը, ունենալով կորոնավիրուսային հիվանդություն, չի ստացել որակյալ բուժօգնություն և մահացել է։

Ավելին՝ դիմողը պնդել է նաև, որ նախարարի մեկ այլ՝ 21.05․2020 թ.-ի թիվ 1606-Ա հրամանով հաստատված կարգի՝ 2020 թ.-ի հունիսի 16-ի դրությամբ գործող խմբագրության 1-ին և 2-րդ կետերը չեն սահմանել կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք հայտնաբերելիս նմուշառում կատարելու հստակ ժամկետ։ Արդյունքում իր հորը նմուշառել են միայն 2020 թ.-ի հունիսի 19-ին այն պայմաններում, երբ կանչը տրվել է հունիսի 16-ին, իսկ հոսպիտալացվել է միայն հունիսի 23-ին։ Ինչը հանգեցրել է անդառնալի հետևանքների։

Ըստ դատարանի որոշման, անվիճելի է, որ դիմողի կողմից վիճարկվող դրույթները չեն ընդունվել և գործողության մեջ դրվել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան։ Դատարանը այնուհետ նշել է, որ իր խնդիրն է պարզել վիճարկվող հրամանները նորմատիվ իրավական ակտերի համար սահմանված ընթացակարգով չընդունելու և գործողության մեջ չդնելու իրավական հետևանքը։ Դատարանը գտել է, որ թիվ 1239-Ա հրամանի վիճարկվող կետերը գանգատներ ունեցող անձանց հոսպիտալացման խիստ պահանջներ են սահմանել, որոնց փաստորեն դիմողի հայրը չի բավարարել, իսկ դիմողի հոր նմուշառումը իրականացվել է նախարարի 1606-Ա հրամանով սահմանված կարգին համապատասխան, որը հետազոտության ժամկետ չի սահմանել, արդյունքում դիմող Արուսյակ Հայրապետյանի հայրը չի հոսպիտալացվել այդ նորմերի կիրառման հետևանքով։

Դատարանի որոշումը թույլ է տալիս պնդել, որ ՀՀ ԱՆ նախարարի կողմից ընդունված վերոնշյալ հրամանները այնպիսի պայմաններ ու կարգ են սահմանել, որոնք կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների հոսպիտալացման ու բուժման համար մի շարք խոչընդոտներ են ստեղծել՝ հանգեցնելով նաև անդառնալի հետևանքների, ինչպես կոնկրետ քննարկվող դեպքում։
Վարչական դատարանի որոշումը ազդակ է այն մասին, թե ինչ հետևանքներ կարող է նախարարության գործողություններն ու որոշումները ունենալ համակարգի ոչ արդյունավետ գործունեության ու քաղաքացիների կենսական իրավունքների ապահովման հարցում։

Մենք նաև հետաքրքրվեցինք Արուսյակ Հայրապետյանի իրավաբաններ Հասմիկ Հարությունյանից, Արաքս Մելքոնյանից և Նինա Հակոբյանից ՝ արդյո՞ք այս որոշումը առաջինն է իրենց պրակտիկայում, թե էլի կան այստեսակ որոշումներ առողջապահության ոլորտի հետ կապված ընդհանրապես, երբ նախարարի որոշումը անօրինական է ճանաչվել, և մասնավորապես ՝ Covid-19 համավարակի շրջանակներում։

Իրավաբան Հասմիկ Հարությունյանն ասաց. «Նախ հասկանանք, թե ինչ էր վիճարկվում վարչական դատարանում։

Մեր կողմն այն կարծիքին էր, որ հրամանների կարգավորումները խախտել են դիմողի հոր՝ Ֆ․Հայրապետյանի կյանքի ու առողջության պահպանման իրավունքները։ Այդ հրամանների կարգավորումների համաձայն՝ սահմանվում էր, որ հիվանդանոցային բուժում ապահովվում է, եթե կա՝

Երեք օրից ավելի 38,5 C-ից բարձր ջերմություն,

Շնչառության հաճախությունը >22/րոպե,

Արյան թթվածնով հագեցվածությունը Sp02≤93%:

Բայց փորձը ցույց տվեց, որ հնարավոր են դեպքեր, ինչպես եղել է կոնկրետ այս գործով, որ անձը գտնվի վատ վիճակում, սակայն ջերմությունը կամ շնչառական հաճախականությունը չհամապատասխանեն սահմանված նորմերին, և այդ հիմքով անհապաղ բուժօգնություն չտրվի ու անդառնալի հետևանքներ լինեն։ Նմանատիպ ռիսկերը նախարարության կողմից հաշվի չեն առնվել և կարգավորումները եղել են խիստ թերի։

Վարչական դատարանը անվավեր և ոչ իրավաչափ ճանաչելով այդ հրամանների կարգավորումները, հաստատեց, որ իսկապես ոլորտի համակարգումը եղել է խիստ խնդրահարույց՝ մի շարք բացասական հետևանքներով։

Ինչ վերաբերում է գործի աննախադեպությանը, ապա այս գործը Covid-19-ով պայմանավորված նորմատիվային կարգավորումների առնչությամբ առաջինն է։ Մինչ այս եղել են և կան օրինակ դիմակների կրման, Covid-թեստավորման կարգավորումների կամ պարեկի որոշումների վիճարկման գործեր, սակայն այս գործը Covid-պացիենտների հսկողության և սպասարկման կարգի նորմատիվային հիմքերի վիճարկման առաջին գործն է։

Հարցին, թե ի՞նչ հետևանքներ կարող է լինել այս որոշումից հետո, արդյո՞ք նախատեսվում են այլ գործեր՝ դիմումներ դատարան, փաստաբանը պատասխանեց.

«Առհասարակ վարչական դատարանի նման որոշումը որպես առաջնային նպատակ և նաև հետևանք հետագայում նման իրավիճակների ու կարգավորումների կանխում է ենթադրում։ Այս գործով ևս հետևանքը պետք է լինի նախարարության առավել գրագետ, օրինական ու մարդակենտրոն գործունեության ձևավորումը, ինչը առողջապահական համակարգի համար մեծ ձեռքբերում կարող է լինել։ Նմանատիպ դատական գործերը քայլ առ քայլ կարող են հանգեցնել համակարգի նման փոփոխության։

Որպես որոշման շարունակություն փորձ կարվի գործարկել նաև փոխհատուցման ինստիտուտը։

Այլ դատական գործերի առնչությամբ պետք է նշել, որ նույն մահվան դեպքի առնչությամբ զուգահեռաբար արդեն իսկ կա հարուցված քրեական գործ ևս, որը, ի դեպ, Covid-19-ով պայմանավորված մահվան դեպքով առաջին քրեական գործերից է եղել։ Վարչական դատարանի որոշումն ու կարգավորումների անվավերությունը ազդակ պետք է լինի քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի համար ևս՝ առավել արդյունավետ ու համալիր քննություն իրականացնելու և այս գործով մահվան պատճառներն ու մեղավորներին վեր հանելու նպատակով»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ