Իրավական
15:00 30/05/2020

Հայտնաբերվել է արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման 1251 դեպք

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 16492 արձանագրություն, իսկ մայիսի 29-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1251 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով այլ նախարարությունների և գերատեսչությունների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։

Ըստ աղբյուրի՝ այսօր, վաղ առավոտից, արտակարգ ռեժիմով ծառայության շրջանակներում ուժեղացված ստուգայցեր են իրականացվում մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ