Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախօրեին իր սկանդալային ասուլիսից հեռանալուց հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, թե Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի տեղակալ, հանրահայտ օնկոլոգ Վարուժան Շահսուվարյանը կենտրոնից հեռացել է ոչ թե նույն կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանին առանց որևէ հիմնավորման ազատելու իր որոշման հետ անհամաձայնության պատճառով, այլ այն պատճառով, որ վաղուց այլ բուժկենտրոնից առաջարկ էր ստացել: Այս մասին գրում է «168 ժամ»-ը։
«168 Ժամը» կապվել է բժիշկ Շահսուվարյանի հետ՝ պարզելու՝ արդյոք նախարարի հայտարարությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը: Վարուժան Շահսուվարյանը թերթի հետ զրույցում հերքել է նախարարին՝ ասելով, որ իր հեռացումը պայմանավորված է բացառապես ուռուցքաբանության կենտրոնում Արսեն Թորոսյանի որոշման արդյունքում ստեղծված իրավիճակով:
«Նախարարի տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. 22 տարի բուժական գործունեությամբ եմ զբաղվում, որից 13 տարին աշխատել եմ Ֆանարջյան ուռուցքաբանական կենտրոնում: Անգամ արտերկրից մշտապես տարբեր առաջարկներ եմ ստացել այլ կենտրոններ տեղափոխվելու, ինչը, կարծում եմ, կփաստեն նաև գործընկերներս, սակայն չեմ ընդունել դրանք: Միանշանակ կրկնում եմ օրեր առաջ արածս հայտարարությունը, որ իմ հեռանալը Ֆանարջյանի անվան կենտրոնից կապված է միմիայն կենտրոնի շուրջ վերջին զարգացումների հետ»,-թերթի հետ զրույցում ասել է բժիշկը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: