HBO հեռուստաընկերությունը պաշտոնական հայտարարություն է արել կապված սուրճի բաժակի հետ, որը «Գահերի խաղը» հեռուստասերիալի թողարկված վերջին սերիայի ժամանակ մնացել էր Դեյներիսի դիմաց դրված սեղանին: Կադրը ակտիվ քննարկման առարկա էր դարձել հեռուստադիտողների կողմից, սակայն հեռուստաալիքը դրան արձագանքել է հումորով:
«Լատտեն, որը դրված էր սեղանին, սխալի արդյունք էր, – ասվում է հայտարարության մեջ, – Դեյներիսն իրականում խոտաբույսերով թեյ էր պատվիրել»:
Ֆիլմի գեղարվեստական ղեկավար Հաուկե Ռիհտերը այդքան էլ աղետալի չի համարում մոռացված բաժակի դեպքը և անկեղծությամբ նշում է, որ նկարահանումների ժամանակ հաճախ են պատահական իրերը հայտնվում կադրում: