fbpx
Սպորտ

ՀՖՖ-ն կամավորներ է փնտրում

2019 թվականը չափազանց հագեցած էր ֆուտբոլային իրադարձություններով, ուստի ՀՖՖ-ի կողմից իրականացվեց կամավորների հավաքագրման գործընթաց:

Ընտրված մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցել Մ-19 Եվրո-2019-ի ինչպես նախապատրաստական, այնպես էլ եզրափակիչ փուլի ընթացքում իրականացվող կազմակերպչական աշխատանքներին: Նրանցից շատերը, լավագույնս դրսևորելով իրենց կարողությունները, շարունակեցին համագործակցությունը ՀՖՖ-ի հետ՝ ընդգրկվելով ինչպես ազգային հավաքականի հանդիպումների, այնպես էլ ՀՖՖ տարբեր միջոցառումների կազմակերպչական աշխատանքների մեջ:

Շարունակելով հետամուտ լինել հասարակության լայն շերտերի՝ իր կողմից կազմակերպվող միջոցառումներին ներգրավելու քաղաքականությանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կրկին հայտարարում է կամավորների հավաքագրում՝ ՀՖՖ երկու բաժինների (ՀՖՖ հավաքական թիմերի և հասարակայնության հետ կապերի և լրատվության) աշխատանքներին 2020 թ. ընթացքում ներգրավելու նպատակով:

Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատանքներին ներգրավվել ցանկացողները կստանան այդ հնարավորությունը Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների հանդիպումների, իսկ լավագույնս դրսևորվելու դեպքում՝ նաև Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների միջազգային հանդիպումների ընթացքում:

Հավաքական թիմերի բաժնի կամավորների առաջին փորձը կլինի ապրիլի 18-ից 22-ը Հայաստանում անցկացվելիք ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որը կլինի հնարավորություն՝ հետագայում ավելի բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպչական աշխատանքներին ներգրավվելու համար:

Դիմել կարող են բոլոր ցանկացողները` առանց տարիքային սահմանափակման: Դիմելու համար պետք է մինչը մարտի 1-ը hr@ffa.am էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրականը՝ վերնագրում նշելով այն բաժինը, որտեղ ցանկալի է անցկացնել կամավորական փորձաշրջանը:

Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնում կամավորական գործունեություն ծավալելու համար նամակի մեջ պետք է նշել նաև զբաղվածության՝ Ձեզ համար նախընտրելի ոլորտը (կոնտենտ մենեջեր, սոցցանցերի մասնագետ, լուսանկարիչ, օպերատոր):

Եղե՛ք ակտիվ և օգտագործեք իրադարձությունների կիզակետում լինելու բացառիկ հնարավորությունը:

Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ