Նոյեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, ինչպես նաև արդյունավետ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում:
ՀՀ պաշտպանության նախարարը հատուկ կարևորել է Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև ս.թ. նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության դրույթների իրագործման շրջանակում Ռուսաստանի Դաշնության դերն ու ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելության արդյունավետությանը: Կողմերը կարևորել են նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված ՌԴ միջգերատեսչական հումանիտար կենտրոնի աշխատանքը՝ ուղղված փախստականների վերադարձին, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանը, զոհված, գերեվարված և անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների և հումանիտար ոլորտում տարբեր կազմակերպությունների գործունեության համադրմանը: