ՀՅ Դաշնակցության առաջարկով՝ Սոցիալիստական Ինտերնացիոնալը (Ընկերվար Միջազգայնական) անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին։
Հունվարի 11-ին ընդունված հայտարարությունը, որը կրում է «Սոցիալիստական Ինտերնացիոնալի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» թարգմանաբար ներկայացված է ՀՅԴ պաշտոնական կայքում։
«Սոցիալիստական Ինտերնացիոնալն իր մտահոգությունն է հայտնում Լաչինի միջանցքի` որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև եզակի ցամաքային կապի, արգելափակման առնչությամբ։
Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։
Հումանիտար իրավիճակը ծայրաստիճան լարված է, ուստի Սոցիալիստական Ինտերնացիոնալը կողմերին խստորեն հորդորում է գնալ երկխոսության և բանակցությունների, կանխել արգելափակման հետևանքով խաղաղ բնակչության հումանիտար ճգնաժամը»:
Նշվում է, որ ՀՅ Դաշնակցությունը շարունակում է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների միջոցով, ինչպես նաև կուսակցության արտաքին քաղաքական հնարավորություններով լայնածավալ աշխատանքներ տանել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, միջազգային զորակցության ապահովման և Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումների առաջացման ուղղությամբ։