Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր խորին մտահոգությունն է հայտնել Իրանի ու ԱՄՆ-ի միջև հակամարտության կապակցությամբ և կոչ արել կանխել հակամարտության խորացումը:
«Հատկապես մտահոգիչ են Մերձավոր Արևելքից ստացվող ազդանշանները Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարվածության աճի ֆոնին, որոնք առաջին հերթին ռիսկի են ենթարկում Իրաքի վերականգնման դանդաղ պրոցեսը, ինչպես նաև հիմքեր ստեղծում ավելի մեծ մասշտաբի հակամարտության համար, որը բոլորը ցանկանում են կանխել»,-ասել է պապը:
Այդ կապակցությամբ Հռոմի պապը հիշեցրել է երկխոսության իր կոչի մասին, որն արել էր հունվարի 5-ին Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա ավանդական աղոթքի ընթացքում: Նա կրկնել է երկխոսության և ինքնազսպման կրակը վառ պահելու ու միջազգային օրենքները հարգելու կարևորության մասին իր խոսքերը:
