Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը միգրացիայի խնդրի լուծումը կապել է ժամանակակից աշխարհում աղքատ և ընչազուրկ մարդկանց ճակատագրի նկատմամբ անտարբեր չլինելու անհրաժեշտության հետ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Կիրակի հովվապետը պատարագ է մատուցել Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում Միգրանտների և փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ, որն այս տարի Հռոմեական կաթոլիկ եկեղեցին նշում է արդեն 105-րդ անգամ:
«Որպես քրիստոնյաներ՝ մենք չենք կարող անտարբեր լինել աղքատ մարդկանց, միայնության, քամահրանքի և խտրականության նկատմամբ՝ ուղղված այն մարդկանց, որոնք չեն պատկանում «մեր» խմբին: Մենք չենք կարող մնալ անկարեկից, անսիրտ բազում անմեղների աղքատության նկատմամբ: Մենք չենք կարող չլացել, չենք կարող չարձագանքել»,-հայտարարել է նա իր քարոզի ժամանակ:
Ֆրանցոսկոս Պապը հիշեցրել է, որ այսօրվա առիթով իր հատուկ ուղերձը կրում է «Խոսքը վերաբերում է ոչ միայն միգրանտներին» պերճախոս անվանումը: Նա կոչ է արել հավատացյալներին հատուկ ուշադրություն դարձնել բոլոր ներկայիս ընչազուրկներին, որոնք, նրա խոսքով, միգրանտների հետ միասին դարձել են պիտակավորման մշակույթի զոհը:
Միգրանտների օրվան նվիրված Հռոմի Պապի ուղերձում ընդգծվում է, որ ժամանակակից հասարակությունում փախստականների ներկայությունը դրդում է իրենց քրիստոնեական գոյության և իրենց մարդկության որոշ հիմնական փոփոխականների վերականգնմանը: Հովվապետի կարծիքով՝ այժմ վտանգված են ոչ միայն միգրանտների շահերը, խոսքը վերաբերում է ոչ միայն նրանց, այլ մեզ բոլորիս, մարդկության ընտանիքի ներկային և ապագային: