fbpx
Սպորտ

Իմ արմատները Լեռնային Ղարաբաղում են, ու ես չեմ ամաչում դրա համար․ Նոբել Առուստամյան

Մարզական լրագրող և մեկնաբան Նոբել Առուստամյանը հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպայի առաջնության հավատարմագրումը ստանալուց հետո։ Ավելի վաղ Ադրբեջանի արգելափակման պատճառով նրա հավատարմագրման հայտը մերժվել էր․

«Մայիսի վերջին Եվրո-2020-ի իմ հավատարմագրումը մերժեցին։ ՈՒԵՖԱ-ի կանոնադրության համաձայն եթե տանտեր երկրներից թեկուզ մեկը ինձ արգելափակում է, ապա ես առհասարակ չեմ կարող աշխատել մրցաշարին։ Անկասկած, ես ցանկացած դեպքում չէի նախատեսում այս ամառ այցելել Բաքու։ Ադրբեջանում ինձ չեն սպասում, ինձ չեն ցանկանում այնտեղ տեսնել, ինչպես արդեն վաղուց չեն ցանկանում տեսնել ցանկացած հայի։ Հիանալի եմ տեղյակ այնտեղ տիրող հայաֆոբիայից։ Ես ծնունդով Բաքվից եմ, այնտեղ են ծնվել նաև իմ ծնողները, այնտեղ է թաղված իմ պապիկը, այնտեղից է իմ ամբողջ ընտանիքը։ Մենք բոլորս ստիպված եղանք հեռանալ այնտեղ 80-ականների վերջին։ Այնպես որ չէի ապրում իլյուզիաներով, ու ցանկանում էի աշխատել այլ քաղաքներում։ Իսկ Ադբրեջանի արգելափակումն ընդհանուր առմամբ սպասելի էր։ Ես այդ փաստը շատ հանգիստ ընդունեցի, նույնիսկ՝ հեգնական ժպիտով։

Հիմա Լեռնային Ղարաբաղ իմ այցի մասին, որի մասին ինձ հիշեցրեց Ադրբեջանն ու տեղի ֆուտբոլի ֆեդերացիան։ Այո, իսկապես ես այնտեղ եղել եմ, ու դա ասում եմ առանց թաքցնելու։ Դա իմ նախնիների հայրենիքն է, մասնավորապես պապիկիս, որի ազգանունը ես կրում եմ։ Այնտեղ են իմ արմատները, և ես չեմ ամաչում դրա համար։ Ինձ համար դա երբեք խնդիր չի եղել։ Ղարաբախյան հակամարտությունն ինձ համար շատ ցավոտ թեմա է։ Ես մշտապես կողմ եմ եղել դրա խաղաղ լուծմանը։ Ինձ ուղարկում էին անցած աշնան իմ իսկ գրառումները պատերազմի մասին, բայց դրանցից կառչելն անիմաստ է։ Ես միշտ կոչ եմ արել խաղաղ կարգավորում, ոչ թե պատերազմ։ Ես միայն ցանկանում էի, որ ղարաբախյան կոնֆլիկտը լուծվեր, իսկ մարդիկ չզոհվեին։ Անցած աշնանը Ադրբեջանի կողմից ագրեսիայի նոր ալիքը մեծագույն ողբերգություն է։ Երկու կողմից էլ եղան հազարավոր զոհեր, հազարավոր խեղված ճակատագրեր, որոնք ևս մեկ տասնամյակով հեռացրին հայերի և ադրբեջանցիների խաղաղ գոյությունը․ նման վերքերը, ցավոք, հնարավոր չէ արագ բուժել։

Ես Ղարաբաղ եմ այցելել միայն խաղաղ նպատակներով։ Այնտեղ ես մասնակցել և կազմակերպել եմ մանկական ֆուտոլային մրցաշար։ Գիտեմ՝ արդեն 30 տարի Լեռնային Ղարաբաղի բնակչությունն ապրում է պատերազմի ամենօրյա զգացումով։ Այդ մրցաշարը, հավանաբար, տեղի երեխաների համար ամենավառ մրցաշարերից մեկն էր։ Հպարտ եմ, որ դրա մասնակիցն եմ եղել։ Բայց ես գիտեմ մարդկանց, ովքեր ամեն դեպքում խուսափել են արգելափակումից, անգամ Ղարաբաղ այցելելուց հետո։ Հարցը վստահաբար միայն այն չէր, որ ես այնտեղ այցելել եմ։ Պաշտոնական Ադրբեջանը պատերազմի ավարտից հետո մի քանի ամիս շարունակ ասում է՝ պետք է խաղաղ ապրել։ Բայց միևնույն ժամանակ մինչև հիմա ավելի քան 200 հայ գերիների է պահում՝ չնայած բոլոր պայմանավորվածություններին։ Եվ այդ ամենի ֆոնին այն, թե ինչպես վարվեցին ռուսաստանցի լրագրողի հետ, որն առաջին հերթին լուսաբանում է ֆուտբոլ, և երկրորդ՝ մտադիր չէր մեկնել Բաքու, մանրուք է, բայց ամեն դեպքում՝ չափազանց խղճուկ պահվածք։

Իմ դեպքն ապացուցում է՝ Ադրբեջանի իշխանությունները, որպես ղեկավարություն (այստեղ կարևոր է ընդգծել, որ ես գիտեմ շատ ադրբեջանցիների, ովքեր հասկանում են՝ այլևս անհնար է ապրել միմյանց ատելով) զրո հանդուրժողականություն է ցուցաբերում ամբողջ աշխարհի հայերի նկատմամբ։ Լավ, ես չեմ բերի հարյուրավոր օրինակներ, թե ինչպես մարդիկ՝ 25% հայկական արյամբ, այլ երկրի անձնագրով չեն կարողացել մուտք գործել Ադրբեջան միայն իրենց ազգանվան պատճառով։ Նրանց պարզապես չեն թույլատրել անցնել թռիչքի գրանցումը։

Եվրո-2020-ն ու առհասարակ սպորտը պետք է միավորեն մարդկանց, աշխարհն ավելի ընկերական դարձնեն։ՈՒԵՖԱ-ն միշտ խոսում է իր արժեքների մասին՝ հարգանք բոլոր մարդկանց նկատմամբ, անկախ ազգությունից։ Ցավալի է միայն այն, որ կա կառավարություն, որը նման արժեքները չի ընդունում։ Ուրախ եմ, որ իրավիճակը լուծվեց։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բոլորին աջակցության համար։ Առաջվա պես վստահ եմ՝ ցանկացած ազգության դեմ շովինիզմը, այդ թվում՝ հայերի և ադրբեջանցիների, ընդունելի չէ։

Առաջվա պես հավատում եմ, որ աշխարհը կփոխվի, և մի օր հայերի և ադրբեջանցիների միջև հարաբերությունները կփոխվեն․ կցանկանայի դա տեսնել իմ աչքերով»,- գրել է Առուստամյանը իր Telegram ալիքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ