Հասարակություն
11:10 22/05/2020

Իհարկե իմ դեմ կարված գործը կազմակերպած դավադրություն է. Դավիթ Սանասարյան

ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա հայտնում է, որ 2 տարի առաջ այսօր նշանակվեց ՊՎԾ ղեկավար:

«Երկու տարի առաջ այս օրը նշանակվեցի ՊՎԾ ղեկավար, ու մի քանի գործընկերների հետ միասին սկսեցինք հիմնադրել պետության համար շատ կարևոր մի ինստիտուտ, որը նոր Հայաստանում ստանձնեց նախևառաջ նախկինների ապօրինությունների վերհանման, պետական ինստիտուտների ֆինանսական միջոցների վերահսկման, արդյունավետության բարձրացման ու կոռուպցիոն երևույթների կանխարգելման պատասխանատվությունը։

Ասեմ, որ պետական նոր կառույց հիմնելը, իրավական ողջ պրոցեսը կարգավորելը, զրոյից կադրեր հավաքելը բավականին բարդ գործընթաց է, ու չնայած բոլոր դժվարությունների՝ դա արել ենք հաճույքով ու մեծ պատասխանատվությամբ։ Վստահաբար կարող եմ ասել, որ ՊՎԾ-ն կայացած կառույց է։

Իհարկե իմ դեմ կարված գործը կազմակերպած դավադրություն է, որն անցավ զավեշտի բոլոր սահմանները, իհարկե ապօրինի կերպով ուղիղ մի տարի ինձ հեռու պահեցին իմ պարտականություններից, ու այսօր էլ դատական պրոցեսների վերջը չի երևում, բայց միևնույն է, ոչ մի վայրկյան, ոչ մի առիթով չեմ փոշմանել, որ մի փոքր լումա եմ ունեցել Հայաստանը թալանողներին Հայաստանի ճակատագիրը խեղելուց հեռացնելու գործում։

Ինչքան էլ, որ գոհ չեմ մի շարք հարցերից, բայց միևնույն է, հնին վերադարձ չի լինելու. ժամանակն է, որ օր առաջ ազատվենք խոչընդոտող օրենքներից, նորմատիվ-իրավական ակտերից ու կյանքի կոչենք այն խոստումները, որոնք տվել ենք գոնե վերջին երկու տարում։

Սիրելի հայրենակիցներ, պայքարի ընկերներ ու համախոհներ, կառավարող ուժին հաշվետու պահելը, փոփոխությունների ընթացքից դժգոհելը կամ նոր պահանջներ ներկայացնելը յուրաքանչյուրիդ իրավունքն ու պարտականությունն է, բայց խնդրում եմ, որևէ կերպ չտրվեք Հայաստանի հնարավորությունները տարիներ շարունակ մսխողների քարոզներին ու ստերին։ Նրանք նախ պետք է պատասխան տան իրենց արածների համար։

Իսկ ես, ինչպես ասել եմ, մեկ անգամ ևս կրկնում եմ, որ ոչ մի շինծու քրեական գործ, ոչ մի խոչընդոտ ինձ հետ չի պահելու Հայաստանի (Արցախը ներառյալ) հզորացման ու զարգացման համար պայքարից, իսկ վերջին շրջանի պասիվությունս անտարբերություն չի, պարզապես գիտակցում եմ լռությանս կարևորությունը։

Պինդ ու առողջ եղեք։

Սիրում եմ բոլորիդ»,-գրել է Սանասարյանը:

Երկու տարի առաջ այս օրը նշանակվեցի ՊՎԾ ղեկավար, ու մի քանի գործընկերների հետ միասին սկսեցինք հիմնադրել պետության համար…

Geplaatst door Davit Sanasaryan op Donderdag 21 mei 2020

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ