fbpx
Իրավական

Ինձ մոտ հարցեր չառաջացան ԱԱԾ-ի հայտարարությունն ընթերցելուց հետո. Հայկ Գևորգյան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և նրա ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պարզաբանումները Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի համար «լրիվ բավարար» են: Այս  մասին նա ասաց այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում:

«Ուսումնասիրեցի ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունը, իմ մոտ հարցեր չառաջացան՝ գոնե էս պահին: Եթե ասեմ՝ ես էդ քրեական գործին կամ, չգիտեմ, նախապատրաստվող նյութերին ծանոթ եմ, իհարկե չէ, ես էլ՝ ձեր չափ, բայց էն պարզաբանումները, որ ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայությունը, ինձ լրիվ բավարար էր, ես էդտեղ ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում»,-ասաց Հայկ Գևորգյանը:

Ազգային անվտանգության ծառայությունը, մինչդեռ, ուրբաթ երեկոյան տարածած հաղորդագրությունում մի շարք մանրամասներ է հրապարակել Հրայր Թովմասյանին և նրա ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ՝ դրանք պայմանավորելով շինարարական և վերանորոգման աշխատանքների ընթացքում առերևույթ չարաշահումների փաստերով, ինչպես նաև պաշտոնատար անձին կամ նրա ընտանիքի անդամներին առերևույթ պատկանող գույքը սահմանված կարգով չհայտարարագրելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալները ստուգելու անհրաժեշտությամբ։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե շատ են քննադատում, որ չարժե թիրախավորել ընտանիքը, և որ դա նախկին իշխանությունների ձեռագիրն էր՝ թիրախավորել հարազատներին, ընտանիքի անդամներին, 75-ամյա հորը, պատգամավորը արձագանքեց․ «Ես ասում եմ՝ եթե դուք ԱԱԾ-ի հաղորդագրությունը կարդաք, էնտեղ մենակ իրեն չեն հարցաքննել, այլ նաև, որքան ես եմ հասկանում, գործողություններ արել, ոչ թե հարցաքննել, մի քանի նաև այլ մարդկանց, ես էդտեղ իրոք որևէ տարօրինակ բան չտեսա: Թող ընթացքը կերևա գործի, էլի պարզաբանումներ կլինեն, էլի բացահայտումներ կլինեն, կհասկանանք՝ ինչ է տեղի ունեցել: Էս պահին ես որևէ տարօրինակ բան չեմ տեսնում էդտեղ»:

Իսկ ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու՝ Ազգային ժողովի դիմումի առնչությամբ, որը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՍԴ-ն մերժեց վարույթ ընդունել, Հայկ Գևորգյանը ասաց․ «Սահմանադրական դատարանը պիտի բավարարի որոշակի չափանիշներ, առաջին հերթին ու ամենակարևորը՝ դա պիտի ունենա հանրային լայն վստահություն: Էսօրվա Սահմանադրական դատարանը, եթե դուք հիշեք՝ ինչպես է ձևավորվել, ինչպես է կազմավորվել, դուք կհասկանաք, որ էդտեղ նշույլ անգամ չկա հանրային վստահության: Դատական իշխանությունը իշխանության թևերից մեկն է և այն նույնպես պիտի բավարարի վստահության չափանիշին, վստահելի լինի»:

Հայկ Գևորգյանը Ազգային ժողովի կողմից վերջին գործողությունը գնահատեց այսպես, որ իրենք հնարավորություն տվեցին Սահմանադրական դատարանին՝ ինքը իրեն ինչ-որ քայլեր անի, եթե ինքը չարեց, իրենք կգնան արդեն հաջորդ քայլերի:

«Կարծում եմ՝ իրավաբանները ավելի լավ կբացատրեն, թե ինչում են էդ քայլերը կայանում», -եզրափակեց«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ