Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի ծովային ստորաբաժանման հրամանատար Ալի Ռըզա Թանգսիրին հայտարարել է, որ երկրի իշխանությունները կփակեն Հորմուզի նեղուցն այն դեպքում, եթե Թեհրանը չկարողանա դրանից օգտվել ԱՄՆ-ի սահմանափակիչ միջոցների պատճառով: Այս մասին ապրիլի 22-ին հայտնել է «Ֆարս» իրանական գործակալությունը:
«Միջազգային իրավունքի համաձայն` Հորմուզի նեղուցը ջրային ճանապարհ է, և եթե մեզ թույլ չտան դրանից օգտվել, մենք այն կփակենք»,-գործակալությունը մեջբերել է Թանգսիրիի խոսքը:
Անցյալ տարվա վերջին Իրանի նախագահ Հասան Ռոհանին սպառնացել է խոչընդոտել Պարսից ծոցի շրջանից նավթի արտահանումը, եթե ԱՄՆ-ն Իրանին խանգարի սեփական նավթը վաճառել պատժամիջոցների շրջանակում։

