Իսպանիայում ձերբակալվել է 10 մարդ, որոնք կասկածվում են Սիրիայում իսլամական ահաբեկիչների բջիջները ֆինանսավորելու և փողերի լվացման մեջ։ Այս մասին հայտնում է Life-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ին:
Ձերբակալություններ և խուզարկություններ են կատարվել Մադրիդում, Վալենսիայում և Տոլեդոյում, գործողությանը մասնակցել է իրավապահ մարմինների 350 աշխատակից՝ ներառյալ Եվրոպոլի աշխատողներ: Ձերբակալվածներից բացի, կասկածվում է ևս 12 մարդ:
Կազմակերպությունը ղեկավարել է ծագումով Սիրիայից ընտանեկան կլանը, որը զբաղվել է ֆինանսական փաստաթղթերի կեղծմամբ: Նրանց օգնությամբ խմբավորումը ավելի քիչ գումարներ է ցույց տվել, իսկ տարբերությունն ուղղել է սև դրամարկղ, որից փողերի մի մասն ուղարկվել է սիրիական Իդլիբ, որտեղ ապրել են Ալ Քաիդայի հետ կապված մարդիկ:
Ըստ ՆԳՆ տեղեկությունների՝ 2018 թվականի ապրիլին ձերբակալվածները ահաբեկիչների հետ կապերի միջոցով կարգավորել են ապրանքափոխադրումը Դամասկոս-Համա-Իդլիբ, իսկ այնտեղից՝ Թուրքիա երթուղով:
Կասկածյալներից մեկը 2008 թվականին Սիրիայում արդեն կալանավորված եղել էր և մեղավոր ճանաչվել ահաբեկչության մեջ, որից հետո պատիժը կրելուց հետո վերադարձել էր «ընտանեկան բիզնես»:
Ձերբակալվածներին ստուգում են հետևյալ կետերով՝ անդամակցություն հանցավոր խմբավորմանը, համագործակցություն ահաբեկչական կազմակերպության հետ, ահաբեկչության ֆինանսավորում, փողերի լվացում, հարկերի վճարումից խուսափում, փաստաթղթերի կեղծում և ապօրինի ներգաղթին օժանդակություն:

