fbpx
Աշխարհ

Իսրայելի ԱԳ նախարարը՝ Իրանի վերաբերյալ ԱԷՄԳ-ի զեկույցի մասին

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացն ասել է, որ Իրանի կողմից միջուկային համաձայնագրի խախտման վերաբերյալ ԱԷՄԳ փորձագետների վերջին եզրակացությունների համատեքստում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի կառավարություններն ու մյուս գործընկերները պետք է հայտարարեն, որ չեղարկում են համաձայնագիրն ու միանում Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին։ Այս մասին Իսրայելի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը գրել է թվիթերյան իր էջում։

«Պատմությունը ցույց է տալիս, որ բռնապետերին արվող զիջումները հանգեցնում են բռնության, ոչ թե խաղաղության։ Աշխարհը պետք է միավորվի ընդդեմ Իրանի՝ ի շահ միջուկային անվտանգության, այդ պետության կողմից տարածաշրջանային ու գլոբալ ահաբեկչությանն աջակցելու պատճառով»,- ընդգծել է Կացը։

Երկուշաբթի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները հաստատել են, որ Իրանը գործարկել է նոր սերնդի ցենտրիֆուգներ, ինչը թույլ կտա իսլամական հանրապետությանն ավելացնել հարստացված ուրանի պաշարները մինչև այն մակարդակ, որը գերազանցում է 2015թ. Վիեննայի համաձայնագրով թույլատրվածը։ Այս մասին տեղեկացրել է Ֆրանս պրես գործակալությունը՝ հղում կատարելով կազմակերպության պաշտոնական ներկայացուցչին։

Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որը կնքվել է 2015-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իրանի միջև, նախատեսում էր Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցների աստիճանական հանում՝ Իրանի միջուկային ծրագիրը փակելու դիմաց։ 2019-ին, այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ ԱՄՆ-ը վերադարձավ Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներին, Վիեննայի համաձայնագրի ապագան հայտնվեց սպառնալիքի տակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ