Իտալիան որոշում է կայացրել դադարեցնել իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի PURL ծրագրին, որը նախատեսում է Ուկրաինայի համար ամերիկյան զենքի մատակարարում։ Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Անտոնիո Տայանին՝ ընդգծելով, որ հրադադարի բանակցությունների հաջողության դեպքում նոր զենքի մատակարարման կարիք չի լինի։ Նա նշել է, որ Կիևի անվտանգության երաշխիքները պետք է դառնան առաջնահերթություն։
Այս դիրքորոշումը հակասում է Եվրոպայի պաշտպանական արդյունաբերության մոտեցմանը, որը կոչ է անում շարունակել պաշտպանական արտադրության ավելացումը՝ անկախ Ուկրաինայում հրադադարի հեռանկարից։ Bloomberg-ը հաղորդում է, որ Իտալիայի այս քայլը ազդանշան է տալիս Ջորջիա Մելոնիի կառավարության ռազմավարության վերանայման մասին՝ իշխող կոալիցիայի ներսում առաջացած տարաձայնությունների և ռեսուրսների սպառման պատճառով։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի PURL ծրագիրը մեկնարկել էր Վաշինգտոնի կողմից զենքի մատակարարումների կրճատումից հետո։ Ուկրաինան հայտարարել է ծրագրի միջոցով 1 միլիարդ եվրոյի լրացուցիչ զենքի անհրաժեշտության մասին՝ ձմռանը իր պաշտպանությունն ամրապնդելու համար։ Սակայն Իտալիան դարձավ առաջին եվրոպական երկիրը, որը հրապարակավ հայտարարեց Ուկրաինային նոր զենք մատակարարելու դեմ՝ հրադադարի բանակցությունների ֆոնին։

