Ամառային տրանսֆերային պատուհանի փակմանն ընդառաջ՝ արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի շուրջ ստեղծված իրավիճակը վերածվել է այս ամռան ամենադրամատիկ պատմություններից մեկին: Մադրիդի «Ատլետիկոն» վերջնագիր է ներկայացրել 26-ամյա ֆուտբոլիստին՝ պահանջելով մինչև կիրակի վերջնական որոշում կայացնել՝ կա՛մ մնալ ակումբում, կա՛մ համաձայնել տեղափոխվել լոնդոնյան «Արսենալ»։ Միևնույն ժամանակ, մադրիդյան ակումբի ղեկավարությունը կտրականապես բացառել է որևէ բանակցություն «Բարսելոնայի» հետ, որն Ալվարեսի նախընտրած ուղղությունն էր:
Հնգժամյա բանակցություններ և ներքին տարաձայնություններ
Այս որոշումը հաջորդել է հինգշաբթի օրը կայացած հնգժամյա լարված հանդիպմանը, որին մասնակցել են Ալվարեսը, նրա ներկայացուցիչները և «Ատլետիկոյի» ղեկավարությունը։ Ինչպես հայտնում են Cadena Ser-ը և Mundo Deportivo-ն, կողմերը քննարկել են իրավիճակը բոլոր հնարավոր տեսանկյուններից մինչև ուշ գիշեր, սակայն հստակ համաձայնություն այդպես էլ չի ձեռք բերվել:
Նյութը պատրաստվել է Sky Sports-ի հրապարակած տեղեկությունների հիման վրա։
«Ատլետիկոյի» գլխավոր գործադիր տնօրեն Միգել Անխել Խիլ Մարինը լրագրողների հետ զրույցում չի թաքցրել իր մտահոգությունը ֆուտբոլիստի հոգեբանական վիճակի վերաբերյալ՝ մեղադրելով նրա շրջապատին. «Նա իրեն շատ վատ է զգում։ Կային մարդիկ, ովքեր մոլորեցրին նրան, շփոթության մեջ գցեցին, և ես իսկապես ցավում եմ դրա համար։ Ես ճանաչում եմ նրան, մենք երկար ժամանակ աշխատում ենք միասին, նա հրաշալի անձնավորություն է, մեծ պրոֆեսիոնալ և բարձրակարգ ֆուտբոլիստ։ Այժմ նա անձնական և պրոֆեսիոնալ առումով շատ բարդ շրջան է անցնում»։
Իրավիճակի լարվածությունն արդեն անդրադարձել է նաև մարզական կողմի վրա։ Թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հաստատել է, որ Ալվարեսը վերջին երեք օրերին չի մարզվել թիմի հետ և բաց է թողնելու շաբաթ օրը կայանալիք «Սևիլյայի» դեմ հանդիպումը։ Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ նախորդ կիրակի կայացած խաղում «Ատլետիկոյի» երկրպագուների մի մասը սուլել էր արգենտինացուն:
«Արսենալի» զգուշավոր դիրքորոշումը և 128 միլիոն ֆունտի խնդիրը
Չնայած «Ատլետիկոյի» շտապողականությանը՝ «Արսենալը» պահպանում է սառնասրտությունը։ Ինչպես հայտնում է Sky Sports-ը, լոնդոնյան ակումբի դիրքորոշումը մնում է անփոփոխ. նրանք տրանսֆերը քիչ հավանական են համարում, քանի դեռ Ալվարեսն անձամբ հստակ ցանկություն չի հայտնել միանալու Միկել Արտետայի թիմին։ «Զինագործները» չեն պատրաստվում պաշտոնական բանակցություններ սկսել առանց խաղացողի կանաչ լույսի։
Ֆինանսական տեսանկյունից գործարքը հսկայական է։ «Ատլետիկոն» ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է մոտ 128 միլիոն ֆունտ ստերլինգ (173.2 միլիոն դոլար): Նման ծախսը հոգալու համար «Արսենալը» պետք է ազատվի մի քանի խաղացողներից, քանի որ այս ամռանն արդեն ծախսել է 164 միլիոն ֆունտ՝ ձեռք բերելով Բրունո Գիմարայնշին, Էզրի Կոնսային, Քրիստոս Ձոլիսին և Իլան Մելյեին:
Այս պահին Գաբրիել Մարտինելին մոտ է սաուդյան «Ալ-Հիլալ» տեղափոխվելուն՝ 55 միլիոն ֆունտի դիմաց, իսկ Գաբրիել Ժեզուսի հեռանալու հարցը բարդացել է նրա բարձր աշխատավարձի պահանջների պատճառով, ինչի պատճառով «Նապոլիի» հետ բանակցությունները կանգ են առել։ Կիսապաշտպան Ֆաբիո Վիեյրան կարող է վերադառնալ Գերմանիա («Համբուրգ»), իսկ դարպասապահ Մելյեն հետաքրքրում է «Մարսելին»:
«Արսենալը» որպես «ցատկահարթակ» դեպի «Բարսելոնա»
Հաշվի առնելով, որ «Ատլետիկոն» արգելել է Ալվարեսի տեղափոխությունը «Բարսելոնա», հարավամերիկյան ֆուտբոլի փորձագետ Թիմ Վիքերին Sky Sports-ի եթերում նշել է, որ «Արսենալը» կարող է հիանալի միջանկյալ տարբերակ դառնալ նրա համար։
«Ինչո՞ւ փորձ չանել դառնալ «Արսենալի» պատմության մեջ Չեմպիոնների լիգայի առաջին հաղթանակի մասնիկը։ Կախված պայմանագրի կետերից՝ «Արսենալը» հետագայում կարող է ցատկահարթակ դառնալ դեպի «Բարսելոնա» տեղափոխվելու համար։ Սակայն ամեն ինչ կախված է «Ատլետիկոյից», քանի որ խաղացողն այժմ հայտնվել է մի իրավիճակում, որտեղ ընտրության մեծ հնարավորություն չունի»,- նշել է փորձագետը։
Կիրակնօրյա վերջնաժամկետը ցույց կտա, թե ինչպես կզարգանա այս ամռան ամենաաղմկոտ տրանսֆերային օպերաներից մեկը:

