Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Հայելի» մամուլի ակումբի դեմ այսօր տեղի ունեցած հարձակումը՝ կատարվածը գնահատելով որպես ոտնձգություն՝ ուղղված ազատ խոսքի դեմ։
Նման գործողությունները հետևանք են այն մթնոլորտի, հռետորաբանության, ատելության խոսքի, որը տևական ժամանակ առկա է մեր երկրում՝ ընդդեմ մամուլի, ԶԼՄ աշխատակիցների, ազատ խոսքի։
Տեղի ունեցածը երկրի բարձրագույն իշխանությունների, քաղաքական ուժերի տարբեր ներկայացուցիչների կողմից ժամանակ առ ժամանակ լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ անթույլատրելի բառապաշարով ելույթների տրամաբանական հետևանքն է:
Հայաստանի ժուռնալիստների միությունն իրավապահ մարմիններից պահանջում է անհապաղ արձագանքել տեղի ունեցածին և քայլեր ձեռնարկել մեղավորներին պատժելու ուղղությամբ, ինչպես նաև ապահովել լրատվամիջոցի աշխատակիցների անվտանգությունը։
Հիշեցնենք, որ այսօր 4 անձինք՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան, պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր էին նետում ակումբի դռներին ու պաստառներ փակցնում։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասաց, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։