fbpx
Հասարակություն

Կանանց աշխատանքային իրավունքներ. Որքանո՞վ են դրանք պաշտպանված Հայաստանում

Տիկին Մարգարիտան, ով 55 տարեկան է նշում է, որ բացի ռեստորանում սպասք լվանալուց այլ գործ չի կարողանում գտնել, քանի որ գրեթե բոլոր գործատուները աշխատանքի են հրավիրում մինչև 35 տարեկան և գեղեցիկ արտաքին ունեցող կանանց:
ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ կանայք և տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ, իսկ ըստ ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք, չնայած այս ամենին կանանց աշխատանքային իրավունքները շատ հաճախ խախտվում կամ ոտնահարվում են գործատուի կողմից:

Դեռևս շարունակում են գործել մի շարք կարծրատիպեր կամ կարծիքներ, որ կանայք չեն կարող գործունեություն ծավալել քաղաքական ոլորտում կամ ՏԻՄ կառավարման մեջ ունենալ իրենց ներդրումը և այս պատճառով կանայք միջին կամ ստորին օղակներում են:

Գրեթե բոլոր աշխատանքային կայքերում կարելի է հանդիպել հայտարարությունների, որտեղ պահանջներում հստակ նշվում է կնոջ տարիքը կամ արտաքինը, իսկ մասնագիտական գիտելիքները և հմտությունները մղվում են 2-րդ պլան:
Գործատու Սիլվա Սահակյանը չի հերքում, որ իր համար ևս աշխատակցի ատաքին տեսքը կարևոր է, երբ աշխատանքի համար դիմում են նա նայում է նաև արտաքինին, քանի որ բոլորին էլ հաճելի է շփվել գեղեցիկ արտաքինով աշխատողի հետ, բայց դրանից առավել իրեն դուր է գալիս, որ աշխատողը լինում է իր գործի մեջ գիտակ:

«Եվ եթե հարց դրվի ընտրել գեղեցիկին, թե իր գործի մեջ գիտակին, իհարկե ես կընտրեմ 2-րդ տարբերակը և ի վերջո յուրաքանչյուր մարդ գեղեցիկ է յուրովի»,-հավելեց գործատուն:

«Կանանց Իրավունքների տուն» հասարակական կազմակերպության նախագահ, իրավագետ Կարինե Դավթյանը, այս մասով նշում է, որ Աշխատանքային օրենսգրքում կոնկրետ աշխատանքային հարաբերություններում խտրականության բացառման մասին որևէ դրույթ չկա առայժմ, սակայն խտրականության արգելքն ամրագրված է մայր օրնեքով՝ Սահմանադրությամբ և մի շարք միջազգային փաստաթղթերով, որոնք էլ Հայաստանի կողմից ստորագրվել և վավերացվել են:

Azat TV-ի հետ զրույցի ժամանակ` կանանց մեծամասնությունը նշում էր, որ բազմաթիվ խնդիրների են հանդիպում աշխատանքի ընդունվելուց և գործատուն հաճախ չի ցանկանում պայմանագիր կնքել կամ գործարք ունենալ հղի կնոջ հետ:

«Երբ նոր էի ամուսնացել ու ուզում էի աշխատանքի ընդունվել, գործատուն ինձ աշխատանքի չընդունեց պատճառաբանելով, որ նոր եմ ամուսնացել և շուտով դեկրետ կգնամ»,-մեզ հետ զրույցում պատմեց Լիլիթ Գրիգորյանը:
Կարինե Դավթյանը նշում է, որ եթե անձը գիտի, որ իր աշխատանքային իրավունքները ոտնահարվել են և խտրականության է ենթարկվել միայն նրա համար, որ կին է, ապա այս պարագայում նա կարող է դիմել պետական և մասնավոր կառույցների, որոնք տարիներ շարունակ աշխատանքային իրավունքների ոտնահարումների դեմ են պայքարում:

Մասնագետը հավելեց, որ նման կառույցներից է` աշխատանքի և զբաղվածության վարչությունը կամ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը և մի շարք հասարակական կազմակերպությունների, որոնք տարիներ շարունակ զբաղվել են կանանց իրավաբանական խորհրդատվություն տալով և նրանց խնդիրները բարձր ատյաններում բարձրացնելով:

Գենդերային ճեղքման ցուցանիշի Gender Gap Index 2015 թվականի զեկույցի համաձայն Հայաստանում կանանց և տղամարդկանց աշխատավարձերի տարբերությունը կազմում է 34 տոկոս: Չնայած այն հանգամանքին, որ բարձրագույն կրթություն ունեն Հայաստանի կանանց 59տոկոսը:

Անգամ նույն հաստիքը զբաղեցնող կինը և տղամարդը կարող են տարբեր չափի գումար ստանալ և իհարկե տղամարդը ավելի շատ է վարձատրվում, քան կինը: Սա նույնպես լուրջ խնդիր է հանդիսանում կանանց համար:

Որպես վերջաբան իավագետ Կարինե Դավթյանը հայտնում է, որ խնդրի լուծումներից մեկը կլինի այն, որ կանանց ավելի շատ իրազեկեն իրենց աշխատանքային իրավունքների մասին:

«Եթե աշխատանքային իրավունքների մասով պարբերական տեղեկատվական և իրազեկող ոչ ֆորմալ հանդիպումներ իրականացվեն աշխատողների և գործատուների շրջանում՝ Հայաստանի ողջ տարածքով, միաժամանակ խթանելով և պահպանելով համայնքների բնակիչների համար հավասար պայմաններ, ապա կանայք ավելի տեղեկացված կլինեն իրենց աշխատանքային իրավունքների մասին»,-ասաց իրավագետը:

Լիլիթ Խլղաթյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ