Մարտի 22-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողն ահազանգ է ստացել, որ դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել ներնետում։ Անմիջապես իրականացված համապատասխան գործողությունների արդյունքում բնակելի գոտում նկատել են դատապարտյալ Դ. Պ.-ին, որը փորձել է փախչել և ընթացքում կոտրել է իր մոտ եղած բջջային հեռախոսը, որն առգրավվել է ծառայողների կողմից։
Այնուհետև բնակելի գոտու վերոնշյալ հատվածում կատարվել է տեղազննություն, որի արդյունքում հայտնաբերվել է պոլիէթիլենային կպչուն ժապավենով պարուրված փաթեթ: Ավելի ուշ՝ ժամը 23։10-ի սահմաններում, հերթական շրջայց կատարելիս՝ ծառայողները դիտաշտարակների միջնամասում նկատել են ևս մեկ ներնետված փաթեթ։
Փաթեթներում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 209.3 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված՝ առանձնացված 8 մասերի, ինչպես նաև թմրամիջոց հանդիսացող մեթադոն տեսակի 3 ամբողջական դեղահաբեր և մասնատված դեղահաբերի 4 կտոր, թմրամիջոց հանդիսացող սուբուտեքս տեսակի, «B8» մակնշմամբ 2 դեղահաբ՝ 0.8 գրամ քաշով, հավանաբար մետամֆետամին հանդիսացող, 0.6 գրամ քաշով բյուրեղանման, սպիտակ զանգված և բջջային հեռախոս։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ պաշտոնական կայքից։